«Դուք, հարգելի հանրապետականներ, քաղաքական հարց եք լուծում… Դուք ստեղծում եք ՀՀԿ-ի ամրապնդում տեղերում». Հրանտ Բագրատյան
«Սահմանադրությունն ասում է՝ ՏԻՄ մարմիններին պետք է տրամադրել այնքան ռեսուրսներ, որպեսզի նրանք կարողանան իրենց գործառույթները կատարել»,- այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը։
Հ. Բագրատյանի խոսքով՝ ամեն տարի բյուջեում կետերից մեկն այն է, թե որ հարկերը տան համայնքներին. «Արդեն մոտ 15 տարի է՝ դուք գրում եք, որ տրվում է գույքահարկը և հողի հարկը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ չի տրվում եկամտահարկը, շահութահարկը։ Երբ վարչապետ եմ եղել, մենք դա տվել ենք, մենք սահմանի վրա ավելացված արժեքի հարկ չէինք վերցնում, ես դրան չգնացի, ու յոլա գնացինք։ Դուք, հարգելի հանրապետականներ, քաղաքական հարց եք լուծում՝ համայնքին տալով չնչին հարկեր՝ գույքահարկ և հողի հարկ»։
Հ. Բագրատյանի խոսքով՝ ՀՀԿ-ականները քաղաքական հարց են լուծում, ստեղծում են ստաբիլ կախվածություն։ «Տեսնում եք՝ ընդդիմադիր կուսակցությունից մեկ-մեկ ընտրվում են, հիմա արդեն իմաստ չունի, որ գյուղացին ընտրի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի՝ որպես համայնքապետ, որովհետև նա գիտի՝ գյուղապետը պետք է այնպիսին լինի, որ կարողանա գնալ Երևանից փող բերել։ Սա համարում եմ լուրջ քաղաքական հարց։ Դուք ստեղծում եք ՀՀԿ-ի ամրապնդում տեղերում ու հայտարարում եք՝ փոփոխություն չպետք է լինի, որը պրոգրեսի բացակայություն է ենթադրում։ Մենք դեմ ենք նման կիսատ-պռատ օրենքներին»,- հայտարարեց պատգամավորը։
Նա նշեց, որր ՀՀԿ-ն անգամ 1 տոկոսով չի ուզում իրագործել այն Սահմանադրությունը, որն ընդունել է. «Այստեղ մեջը հստակ գրված է՝ ամրագրել ինքնաբավ աղբյուրներ, դե, ամրագրեք, դուք չեք ամրագրում, բերում եք Երևան։ Սա արդեն լուրջ է։ Մենք ձեզ հորդորում ենք, խնդրում ենք, նստենք լուրջ փոփոխության»։