Ինչու է կառավարությունը որոշել անվանափոխել նախարարությունները

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, երկրորդը՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանել՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանել Էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների նախարարություն, և առաջարկում են հանել Քաղաքաշինության նախարարությունը։

«Այս փոփոխությունները պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ կամ նոր մոտեցումների մեկնարկով»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։

ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովն էլ առաջարկեց Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն. «Ժամանակին ստեղծեցինք Սփյուռքի նախարարություն, և, բնական է, որպես Սփյուռք ունեցող ազգ՝ շատ պահանջված էր այդ նախարարությունը։ Այս տարիների ընթացքում թե՛ մեր ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական  օրակարգի ամենակարևորագույն և առանցքային խնդիրներից մեկը սփյուռքի միասնությունն է։ Անվանումը դեռևս ամբողջական չէ, առաջարկում եմ՝ կառավարությունը քննարկման առարկա դարձնի իմ առաջարկությունը, որ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն»։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ հարցադրումն իրապես կարևորում է, հասկանում է այն իմաստային բեռը, որ կրում է առաջարկությունը. «Հասկանում եմ՝ ինչու եք դուք դա ասում,  ինչ ենք ուզում փոխանցել և ինչու ենք դա կարևորում։ Իրականում  հասկանում եմ նաև, որ  ֆունկցիոնալ առումով է նաև այն փոփոխություններ առաջացնելու։ Միանգամայն ընդունում եմ այն  հաղորդագրությունը, որն ուզում եք փոխանցել։ Ինձ համար կոնկրետ ընդունելի է այս առաջարկությունը։  Ես այս առաջարկությունն ի գիտություն եմ ընդունում, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ  անպայմանորեն քննարկման առարկա կդարձնենք և  ձեզ կհայտնենք կառավարության դիրքորոշումը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս