«ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում պետք է լցվել համբերությամբ»․ Լոռ Դելքուր
«Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարության փոփոխության արդյունքում ոչինչ չի փոխվի ՀՀ արտաքին քաղաքականության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը` անդրադառնալով ՀՀ կառավարության փոփոխությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ կառավարության փոփոխությունը Հայաստան-Եվրոպական միություն ներկայիս բանակցությունների և հարաբերությունների վրա, ֆրանսիացի վերլուծաբանը միարժեք պատասխան չտվեց՝ նշելով, որ նախ՝ պետք է դիտարկել այն փոփոխությունները, որոնք իրականացնում է Կառավարության նորանշանակ ղեկավարը։
«Որքանով ինձ է հայտնի, նա փորձում է մեծամասնությամբ փոխել ՀՀ կառավարության կազմը, արդեն իսկ փոխվել են որոշ նախարարներ, նոր փոփոխություններ ևս, ըստ իս, կլինեն։ Շեշտը դրվում է առևտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում փոփոխությունների վրա։ Սակայն տպավորություն է ստեղծվում, որ նոր վարչապետը չի անդրադառնում ՀՀ արտաքին գերատեսչությանը՝ ՀՀ ԱԳՆ-ին, այսինքն՝ կարծում է, որ այստեղ ամեն ինչ օրինաչափ է և փոփոխությունների անհրաժեշտություն չկա»,- ասաց Լոռ Դելքուրը։
Վերջինիս կարծիքով՝ փոփոխությունների բացակայությունն այս ոլորտում փաստում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության ուղղվածությունը չի փոխվելու, և իշխանություններին գոհացնում է այս ոլորտում տիրող իրավիճակը։
«Սա նշանակում է, որ, եթե Հայաստանն ու Եվրոպական միությունը բանակցում են, կշարունակեն բանակցել նույն ռիթմով, և էական փոփոխություններ այս ոլորտում նոր կառավարությունից ակնկալել պետք չէ։ Օրինակ՝ գուցե վարչապետը համարեր, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդել ՀՀ-ԵՄ բանակցություններին, կամ ՀՀ ԱԳ նախարարին նոր հանձնարարականներ տար ավելի դիվերսիֆիկացված քաղաքականություն վարելու վերաբերյալ, ավելի ակտիվ, ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարելու ուղղությամբ, սակայն փոփոխություններ չեն արվում, գուցեև Հայաստանի պարագայում դրանք արդարացված են, քանի որ տարածաշրջանը վտանգավոր իրավիճակում է, իսկ Հայաստանն ունի ոչ միանշանակ հարևանություն»,- ասաց Լոռ Դելքուրը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ բանակցություններին և ապագա համաձայնագրի կնքմանը, եվրոպացի փորձագետը գտնում է, որ դրանք բավականին դանդաղ են առաջ գնում։ Ըստ նրա, դա կարելի է հասկանալ, քանի որ կողմերը 2013թ.-ին ճգնաժամ են ապրել և փորձում են նոր իրավիճակում փրկել իրենց հարաբերությունների նախկին բովանդակությունը։
«Սա ամենևին էլ հեշտ չէ։ Այսօր և՛ ԵՄ-ն է ճգնաժամ ապրում՝ շատ են խնդիրները ԵՄ-ի ներսում, և՛ Հայաստանը բազում խնդիրներ ունի, բայց այս իրավիճակում գնահատելի է, որ կողմերը փորձում են պահպանել այն, ինչ կա։ Համբերությամբ է պետք լցվել։ Կարծում եմ՝ ճիշտ է, երբ գործընթացը ծանր է առաջ գնում, բոլոր հարցերը, բոլոր հնարավոր տարբերակները, բոլոր ռիսկերը պետք է լուրջ վերլուծության ենթարկվեն։ Այս դեպքում, բացի ԵՄ-ից ու Հայաստանից, կա նաև երրորդ կողմ՝ ԵՏՄ-ն, որի հետ Հայաստանը ևս համաձայնեցումներ է կատարում։ Ուստի հասկանալի է, թե ինչու են բանակցությունները նման ընթացքով զարգանում։ Պետք չէ զարմանալ»,- ասաց Դելքուրը՝ հորդորելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում լցվել համբերությամբ։