Ինչի համար էր նախատեսված Նորք-Մարաշում հայտնաբերված զենքն՝ ըստ Արթուր Վարդանյանի

Իշխանության յուրացման նախապատրաստության համար առաջադրված մեղադրանքը նախորդ տարի Նորք-Մարաշում վնասազերծված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը շինծու, հորինովի է համարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ այն անձինք, ովքեր անցանկալի են իշխանության համար, մեղադրվում են տարբեր ծանր հանցագործությունների մեջ, իսկ իրավապահ և դատական համակարգը հլու-հնազանդ կատարում են կենտրոնացված պատվեր»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Արթուր Վարդանյանն իրեն համարում է քաղաքական կալանավոր, համարում է, որ հետապնդվում է իր հայացքների համար։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, նա խոսել է տնտեսության վատ վիճակի, իշխանափոխության անհրաժեշտության մասին։

168.am-ի հարցին, թե, ըստ Արթուր Վարդանյանի՝ ինչի համար է նախատեսված եղել զենքը, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Դրված է ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաև հանցավոր խմբի հոդված։ Հանցավոր խմբի հետ կապված բացարձակ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս չի փորձել կատարել այնպիսի գործողություն, որը նախատեսված է եղել ՀՀ քրեական օրենսգրքով։ Այսինքն՝ չի ցանկացել ավազակային հարձակում կատարել և այլն։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքին, ապա ձերբակալվել-կալանավորվելուց հետո Արթուրն արեց հետևյալ հայտարարությունը, որ զենքը բացառապես ուղղված էր լինելու հետագայում, եթե կարիքը զգացվեր՝ Արցախում, ինչու չէ նաև հետագայում, եթե կարիքը զգացվեր, Սիրիայում որոշակի գործողություններ կատարելու։

Կարդացեք նաև

Կոնկրետ մեզ հետաքրքրում էր Արցախի հետ կապված հարցը, որ հարգելի՛ս, կա երկիր, կա պետություն, կա պետականությունը, և պետությունն ինքը իր միջոցներով կարող է զինել ցանկացած պահի՝ օրենքով սահմանված կարգով։

Դա եղել է նոյեմբեր ամսին։ Եկեք ժամանակագրական կարգով դիտարկենք. նոյեմբերի վերջին արեց իր հայտարարությունը, ասաց հետևյալը, որ ինքը վսհատ չէ, որ վաղը, մյուս օրը պատերազմ չի լինի, և իշխանությունը որոշակի գործառույթներից հետո հողերը չի տա թշնամուն։ Եվ մենք ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմը, և ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ժողովրդի, քաղաքական գործիչների և այլ անձանց արձագանքը, որ այս իշխանությունները ցանկանում էին ապրիլյան պատերազմին հողերը տալ թնշամուն, միայն մեր ժողովրդի, մեր զինվորների ֆանատիզմի շնորհիվ դա հնարավոր չեղավ։

Այսինքն՝ այդ հայտարարությունն Արթուրն արել էր դեռևս նոյեմբեր ամսին, երբ մենք չգիտեինք, որ լինելու է ապրիլյան պատերազմ և այսպիսի արձագանք»։

Դիտարկմանը, որ հայտնաբերվել են նաև որոշակի քարտեզներ, փաստաբանն ասաց, որ Արթուրի ձեռքին եղել են նաև փողոցների քարտեզներ, և նրա մեկնաբանությամբ՝ պետք է անհնազանդություն լիներ։

Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քրեական գործի նախաքննության ավարտ է հայտարարվել, գործի նյութերը պետք է տրամադրվեն կողմերին ծանոթանալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս