Կառավարության բեռը՝ հնարավորինս վերականգնել իշխանության նկատմամբ վստահությունը

Մեր զրուցակիցն է Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ, 1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը

– Պարոն Ասատրյան, վարչապետի և կառավարության փոփոխությունն այս փուլում անհրաժե՞շտ էր, ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

– Խիստ անհրաժեշտ է, որովհետև երկրի ծանր վիճակը, բացի, թերևս, երկրի իշխանավորներից ու, մասնավորապես, կառավարությունից՝ բոլորը գիտեն։ Ամենուրեք նկատելի են դժգոհություն, նորանոր չլուծված խնդիրները, միայն իշխանավորներն էին, որ ամեն տեղ միամիտի հայացքով բացատրում էին, թե ինչ հաջողություններ ենք ունեցել։ Մինչդեռ Հայաստանի վերջին տարիների ծանր բնութագրերը մնում են անփոփոխ՝ շարունակական արտագաղթ, որ վտանգավորից անդին ծավալների է հասել, աղքատության շատ բարձր մակարդակ, գործազրկություն և այլն։ Մենք կանգնած ենք մի իրողության առջև, նոր երկրի քաղաքացիներից ու, առավել ևս, երիտասարդներից, շատ քչերն են ուզում իրենց ապագան Հայաստանում տեսնել, որն այս իշխանությունների ամենահստակ գնահատականն է։

Իսկ քաղաքացիներս միայն բախվում էինք իշխանավորների բանավեճի հետ՝ տնտեսական աճն այսքա՞ն է, թե՞ այսքան։ Ա՛յ, տղերք ջան, չկա տնտեսական աճ, չկա զարգացում, երկիրը բոլոր իմաստներով նահանջ է ապրում։ Իսկ նման իրավիճակը վերափոխելը նախկին կադրերով ու մոտեցումներով իսկապես անհնար կլիներ։ Ես հավատում էի, որ Հովիկ Աբրահամյանն անկեղծ գիտակցում էր անհրաժեշտությունը, բայց նա ի վիճակի չէր ինչ-որ բան փոխել, նա ինքն իրեն, իր շրջապատը չէր կարող փոխել։ Խնդիրները տեսնելու համար պետք են նոր մոտեցումներ, նոր մարդիկ, նոր ձևեր։ Այս տեսանկյունից խիստ անհրաժեշտ, հրատապ և սպասվող էր կառավարության փոփոխությունը։

– Արդեն կան նոր նախարարների մի քանի նշանակումներ, արդյոք թեկնածուները խոստումնալի՞ց են։

– Ժամանակը ցույց կտա։ Առաջին տպավորությունս դրական է։ Նախկինում նոր կառավարության ձևավորման հիմքում մի կանոն էր դրված՝ փողատեր, հարուստ լինելը՝ աչքաթող անելով այն հանգամանքը, որ այդ հարստությունը կուտակվել է հիմնականում պետական պաշտոնեության ընթացքում, որն արդեն  ոչ թե մեր, այլ Դատախազության ոլորտն է։ Այս տեսանկյունից շահեկան է նոր նշանակված անձերի դիրքը, որովհետև հիմնականում պրակտիկ փորձ ունեցողներ են, նաև վերլուծական, գիտական աշխատանք իրականացնողներ, ավելին՝ կուսակցական չեն։ Առնվազն լուծվել է կառավարության կազմում որոշ անձերի տառաճանաչության խնդիրը։ Բայց, ըստ էության, խնդիրը դա էլ չէ։ Նոր կառավարության կազմի հանդեպ հասարակության վստահությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես է գնահատվում առկա վիճակը, ինչպես նաև՝ կառավարության նախկին կազմը։

Գաղտնիք չէ, որ իշխանության մեջ կային անձինք, որոնք թվում էին անփոխարինելի, որովհետև ունեին դիրք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, որովհետև բուրգը, այդ թվում՝ իշխանությունների վերարտադրության ստվերային ֆինանսական հոսքերը սպասարկողներն էին։ Այս առումով վճիռներն արդեն տպավորիչ են։ Մնում է կազմն ամբողջությամբ ձևավորվի և ծրագրային խնդիրը դրվի։ Նախորդ կառավարությունների լուրջ խնդիրներից մեկն այն էր, որ մոռացության էր մատնվել «տնտեսական քաղաքականություն» բառակապակցությունը, կյանքի էր կոչվել լենինյան հայտնի թեզը՝ «кухарка тоже может управлять государством», և մարդիկ, որոնք ինչ-որ տեղ մի փոքր հաջողություն էին ունեցել, դառնում էին նախարար։ Այս դարն անցել է։

Հուսանք՝ կառավարությունը կհիշի, որ ստեղծված է ծրագիր մշակելու և իրագործելու համար։ Հաջորդը՝ գործելաոճի փոփոխության խնդիրն է, որի նշույլները կան։ Վերջին 10 տարիների ընթացքում չկար մի պաշտոնյա, որ որևէ խնդրի կամ անհանգստության մասին խոսեր։ Կարծես արգելված էր, միայն նվաճումների մասին պետք է խոսեին, և միակ անձը, որ կարող էր խոսել խնդիրների մասին, Սերժ Սարգսյանն էր։ Այս դրվածքն էլ կարծես փոխվում է՝ ելնելով վարչապետի առաջին, գուցեև՝ հուզական գնահատականներից։

– Կառավարության վերջին նիստում վարչապետը խոսեց պրիմիտիվ գողությունների անթույլատրելիության մասին։

– Դա շատ լավ է, որ վարչապետն ի վերջո նկատեց, բայց ամբողջ հանրությունն էլ գիտի, որ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում։ Օրինակ՝ հիշում եք, Տիգրան Սարգսյանը շատ բարձր գնումներով ձեռք բերված մատիտի մասին էր խոսում, բայց ոչ մի հետևանք դա չունեցավ։ Իհարկե, նախ և առաջ՝ գնահատականը պետք է տրվի, թիմը պետք է ունենա ազնվություն՝ գնահատելու եղածը։ Ես չեմ ասում՝ գնան նախկիններին բռնեն, հաշվեհարդար լինեն՝ դա անհնար է։ Եթե գործող տարբեր մակարդակների պաշտոնյաներին համոզեն, ասեն՝ տղերք ջան, էս պետությունը մեղք է, մինչև վերջ քայքայվել է, էլ մի՛ գողացեք, մենք այլևս նահանջելու տեղ չունենք, դա արդեն մեծ նվաճում կլինի։

Կամ, օրինակ, նորանշանակ վարչապետն այսուհետ պահանջ դնի՝ յուրաքանչյուր նիստին ամեն նախարար 5-10 խնդիր ներկայացնի ու ձգտի լուծել դրանք։ Մեզ մոտ այնքան ժամանակ տարրական հարցեր լուծումներ չեն ստացել, որ բոլոր ոլորտներում շատ-շատ խնդիրներ են կուտակվել։ Ըստ այդմ՝ իրական ծրագիր պետք է մշակել։

Ամենածանր խնդիրներից հարկաբյուջետային քաղաքականությունն է, որին կառավարությունը շատ լուրջ պետք է վերաբերվի։ Հարկային օրենսգիրքն է դրված ԱԺ-ում, երկրորդ ընթերցման, բայց կարծում եմ՝ այն միառժամանակ պետք է հետաձգվի։ Հարկաբյուջետային, մասնավորապես՝ հարկային հատվածը տնտեսական քաղաքականության առանցքն է։ Պետք է ետ կանչել ՀՕ-ն և հնարավորություն տալ հանրային լայն քննարկումների։

Կարևորագույնը, այդուհանդերձ, մնում են համակարգային, կառուցվածքային խնդիրները: Անհնար է, որ իշխող Հանրապետականը հրաժարվի իշխանությունից, բայց մի դրական բան կա, կարծես այդ հանրապետականները մեկուսացված են, վարչապետն ունի ինքնուրույնություն, զերծ է այդ անորակ, իբր քաղաքական ուժի ճնշումներից։ Այս առիթից պետք է օգտվել և անել դա  հրապարակայնորեն։

– Բացի Հարկային օրենսգրքից, պարոն Ասատրյան, կարո՞ղ եք նշել առաջին մի քանի քայլը, որ պետք է անի այս կառավարությունը։

– Արդեն հոգնել եմ ասել, սակայն՝ կառուցվածքային բարեփոխումներն են։ Մենք շատ վաղուց խնդիրներն անտեսել ենք՝ կուտակված մանր հարցերից սկսած, որոնք իրականում հանրության վրա ճնշող ազդեցություն են թողնում։ Գլոբալ իմաստով այս կառավարության վրա մի բեռ էլ է դրված՝ հնարավորինս վերականգնել վստահությունն իշխանության նկատմամբ։ Մինչև հիմա գաղտնիք չի եղել, եկեք պարզ խոսենք, որ ժողովուրդը պետք էր իշխանությանը՝ միայն ընտրությունների օրը մի երկու արտասահմանցիների առջև հաշվետվություն տալու համար։ Թե ինչ մեթոդներով էին այդ ընտրություններն անցկացվում, և ինչպես էին վարվում ժողովրդի հետ, ես ինքս տեսել եմ։ Թաղի խուժանը թքում էր իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի վրա, իսկ նա էլ անտեսում, գլուխը կախում էր։ Ժողովրդին ոչխարի նման քշում էին, կարգադրում՝ ինչ անել։ Իշխանության բովանդակությունը դա էր։

Միջոցառումների ծրագրում պետք է լինեն խնդիրներ, որոնք թվացյալ մեծ ազդեցություն չունեն, բայց բնութագրում են իշխանության վերաբերմունքը հասարակության նկատմամբ։ Կառավարության խնդրիներից մեկը պետք է լինի, որ ուղղակի հայտարարի՝ ՀՀ քաղաքացի, դեմքով քեզ ենք նայում, ուզում ենք տեսնել այն հոգսերը, որոնցով դու ապրում ես, այն խնդիրները, որոնց առջև կանգնած ես, և ուզում ենք նպաստել դրանց լուծմանը։ Այսպիսի ցանկացած քայլ դրական արդյունք է տալու։

Մեր երկիրը լուրջ բարեփոխումների խնդիր ունի, ի վերջո, մենք ունենք այլասերված համակարգ՝ ի դեմս մենաշնորհների, խայտառակ մասշտաբների հասած կոռուպցիայի։ Իշխանության կազմը, կառուցվածքը նայեք, կտեսնեք՝ ինչ բան է կոռուպցիան։ Վերջին ընտրությունները նայեք, մենք ունենք տարածքներ, որտեղ ձևավորված են խաները, որոնց այլընտրանք չեն կարող ունենալ։ Խնդիրը տրամադրվածությունն է։ Կառավարությունը պետք է բաց լինի, ասի հանրությանը, որ ուզում է այս խնդիրները լուծել։ Անգամ հանրությունը կընդունի ու կների, եթե պատշաճ լուծումներ չլինեն, բայց եթե ձգտում լինի։ Մինչև հիմա, ես պնդում եմ, որ ոչ մի ձգտում չի եղել։ Իշխանությունը ժողովրդից մեկուսացման ճանապարհն էր բռնել, և միակ խնդիրը, որ լուծում էր, սեփական վերարտադրությունն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս