«Ժիրինովսկին այն քաղաքական գործիչն է, որը ցանկացած պահի ճիշտ է». Հակոբ Հակոբյանը՝ Ժիրինովսկու «Боже, царя храни» երգի մասին
«Ես չեմ կարող ասել, թե ինքը հետո ինչ քայլեր կկատարի, բայց տվյալ պահին քաղաքական որոշում է կայացրել, որ նման ձևով արտահայտվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված երգին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ երգել է Ռուսական կայսրության «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգը։ ՌԴ նախագահը դեռ ապրիլին էր հրամանագիր ստորագրել Ժիրինովսկուն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան հանձնելու մասին։ Սեպտեմբերի 22-ին Ժիրինովսկին շքանշանը ստացել է մյուս պարգևատրվածների հետ միասին, որոնց թվում են եղել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու թավջութակահար, Պուտինի մտերիմ ընկեր Սերգեյ Ռոլդուգինը։
Ժիրինովսկին որոշել է իր շնորհակալությունը հայտնել՝ ռուսական հին օրհներգի տողերն արտասանելով։ Հակոբ Հակոբյանը, ով նախկինում, ըստ մամուլի հրապարակումների, ցանկացել էր հանդիպել Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկիի հետ, որպեսզի ոչ միայն կարծիք ստանար ռուս պատգամավորից իր ֆիլմի վերաբերյալ, այլև խնդրեր նրան ելույթ ունենալ ОРТ-ով և գովաբանել իր ռեժիսորական աշխատանքը, փորձեց բացատրել Ժիրինովսկիի վերոնշյալ քայլը։ Նա նշեց, որ ցանկացած քաղաքական գործիչ կարող է փոփոխվել ցանկացած իրավիճակում։
«Ցանկացած ժամանակ կարող է այսօր՝ գովալ, վաղը՝ չգովալ։ Դրան կա պատասխան՝ Ժիրինովսկին այն քաղաքական գործիչն է, որը ցանկացած պահի ժամանակ ճիշտ է։ Դուք մի՛ շփոթեք քաղաքական գործիչներին այլ անձնավորությունների հետ։ Քաղաքական գործիչն ինքը կարող է ցանկացած ժամանակ ցանկացած ձևով արտահայտվել, ասել և բացատրել, և պետք լինի՝ հակառակը նա կարող է նույն բանն ասել ու բացատրել»,- ասաց նա։
Մեր հարցին, թե արդարացվա՞ծ է արդյոք ՌԴ նախագահին «կայսր» կոչելը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ դա երևի իր քաղաքական ուղղվածությունն է, իր քաղաքական թիմի ուղղվածությունը։ «Ես չեմ կարող ասել, թե ինքը հետո ինչ քայլեր կկատարի, բայց տվյալ պահին քաղաքական որոշում է կայացրել, որ նման ձևով արտահայտվի։ Թե վաղը դա ուր կտանի, օգուտ կլինի, հետագայում ինքը կասի՝ ես սխալվել էի կամ ճիշտ էի, դա արդեն քաղաքականություն է։ Քաղաքականության մեջ երբեք ճիշտ-սխալ հասկացողություն գոյություն չունի։ Պահի և շահերի բախման արդյունքում առաջացած խնդիր է դա»,- նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։