Ինչպիսի՞ն կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը՝ առանց Ռունիի. Մխիթարյանն ունի խաղալու երկու հնարավորություն
Բրիտանական «Independent» ամսագիրը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմի չորս տարբերակ, որտեղ ընդգրկված չէ թիմի աստղերից մեկը՝ Ուեյն Ռունին:
Բանն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խնդիրներ ունի Ռունիի հետ և «Ոութֆորդից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ կարող է մեկնարկային կազմից հեռացնել Ռունիին:
Հայտնի ամսագիրը ենթադրել է, թե ինչպես կարող են դասավորվել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները՝ առանց Ռունիի: 4 տարբերակներից երկուսում մեկնարկային կազմում տեղ է գտել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Առաջին տարբերակում ամսագիրն առաջարկել է կիրառել 4-2-3-1 դասավորությունը: Այս տարբերակում Իբրահիմովիչը հանդես կգա՝ որպես առաջ քաշված հարձակվող: Մխիթարյանն այս տարբերակում հանդես է գալիս այն դիրքում, որտեղ բրիտանական պարբերականներն առաջարկում են Մոուրինիոյին՝ օգտագործել նրան: Մխիթարյանը տեղակայված է ենթահարձակվողի դիրքում:
Պարբերականի առաջարկած տարբերակներից մեկում ևս Մխիթարյանը ենթահարձակվողի դիրքում է: Իբրահիմովիչն առաջ քաշված հարձակվողն է, Մարսիալը և Մատան գործում են եզրերում: Պոգբային և Էրերային կհանձնարարվի զգոն լինել հենակետային դիրքում:
Սիրարփի Աղաբաբյան