«Հավատանք նորանշանակ վարչապետ Կարեն Կարպետյանին». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը գտնում է՝ նոր նշանակված կառավարության մասին պետք է ո՛չ լավն ասել, ո՛չ վատը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ պետք է 100 օր ժամանակ տալ, որպեսզի նոր կառավարությունը ցույց տա՝ ինչով է տարբերվում նախորդից:

Նա նկատեց, որ գրեթե բոլոր վարչապետների մոտ ավանդույթ է դարձել ասել, որ արագ տեմպերով հաջողություն ապահովելն անհնար է, որ իրենք չունեն կախարդական փայտիկներ. «Ես ուզում եմ հակադարձել, որ բոլոր պարագաների համար այդ կախարդական փայտիկը կա: Մեր պատմության մեջ Տիգրան Մեծը 42 տարեկանում ստանձնեց գահը ու ընդամենը շատ կարճ ժամանակում կարողացավ Հայաստանը դարձնել ծովից ծով ու ինքը ստանալ Արքայից արքա կոչումը, այն ժամանակ կար նվիրվածություն, հավատ, հայենիքի նկատմամբ սեր, սեփական շահը ստորադասել  պետական շահերից»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝  նոր կառավարությունը, գիտակցելով, որ իրավիճակը ծանր է, պետք է աշխատի ոչ թե՝ 24, այլ՝ 48 ժամ, իրենց անձնական շահերը պետք է ստորադասեն պետական շահերից։

«Ես չեմ ուզում որևէ մեկին գնահատական տալ, մամուլում երբ կարդում եմ, ուզում եմ խորհուրդ տալ լրատվամիջոցներին՝ առայժմ զերծ մնանք գնահատականներ տալ, ու ասենք, որ աջակցում ենք, պատրաստ ենք օժանդակել, որ իրենք կարողանան այն ծանր հարցերը, որ մեր առաջ ծառացած են, լուծել: Հավատանք նորանշանակ վարչապետ Կարեն Կարպետյանին և նոր նշանակված անդամներին»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս