Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարարին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներից ակնկալում է համարձակ քայլեր: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց Կ.Կարապետյանը` շնորհավորելով նախարարներին:

Ըստ նրա` Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի: Գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների ընտրության վերաբերյալ Կ. Կարապետյանը նշեց, որ չափանիշը եղել է նրանց` ոլորտների կառավարիչներ լինելը, իրենց լավ դրսևորելը և համեստ ու պարկեշտ մարդ, կառավարման նոր մշակույթի կրողներ լինելը: Վարչապետը հայտարարեց, որ մեծ ակնկալիքներ ունի նրանցից, որ կվերանայեն կառավարման համակարգը, կներկայացնեն ծրագիր, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը:

«Ակնկալում եմ ոլորտի փոփոխություն և համարձակ քայլեր,- ասաց վարչապետը և շարունակեց,- Դուք լիենլով այդ ոլորտից՝ ունեք հնարավորություն՝ Ձեր երազած ոլորտը սարքել, երկիր փոխել, լավ միջավայր ստեղծել»:

Կ.Կարապետյանը նաև առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին` կազմակերպել խաղողի մթերման գործընթացը, որն առավել ակտուալ է Աղավնաձոր գյուղում՝ «Վեդի ալկո» ընկերության հետ կապված:
«Պետք է ամենօրյա հսկողություն, քանի որ ամեն տարի կանգնում ենք այս խնդրի առաջ»,- նկատեց Կ.Կարապետյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս