«Նախագահների նոր հանդիպման հեռանկարները չափազանց աղոտ են». Ստանիսլավ Տարասով

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ փուլում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն ու հույսերին, որ ԼՂ հակամարտության կողմերը կհանդիպեն ՄԱԿ ԳԱ շրջանակում։

Տարասովը նշեց, որ հաշվի առնելով հանդիպմանը հաջորդած համանախագահների մեկնաբանությունները՝ կարելի է ենթադրել, որ քննարկվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Տարասովը քիչ հավանական է համարում նախագահական մակարդակով նոր հանդիպումը ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախագահները հրաժարվեցին հանդիպել օգոստոս ամսին, քանի որ այդ հանդիպմանը կողմերը պետք է գործուն քայլեր ձեռնարկեին հրադադարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ։

«Կարիք չկա հիշեցնել, թե ով է մշտապես դեմ արտահայտվում այդ մեխանիզմների ներդրմանը, որից կարելի է նաև ենթադրել, թե որ կողմն է տապալել երրորդ հանդիպումը։ Կարծում եմ, որ համանախագահ բոլոր երկրներն արդեն համաձայնություն ունեն և գիտեն, որ ԼՂ հակամարտության կարգավորման իդեալական սցենարը հաղթողների ու պարտվողների բացակայությունն է: Չնայած ռուսական ծրագրի մասին խոսակցություններին՝ կարգավորման սցենարի հարցում համանախագահները տարաձայնություններ չունեն, քանի որ նրանց համար ամեն ինչ պարզ է։

Դա է փաստում նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցը։ Ներկայումս համանախագահների նպատակը լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը վերջնականապես վերացնելն է՝ վերջնական կարգավորման համար հող նախապատրաստելու նպատակով։ Սակայն, երբ կողմերից մեկը հրաժարվում է ընդունել այս մեխանիզմները, ապա առաջընթացի մասին խոսելն անհնար է դառնում։ Պատահական չէ, որ հակամարտող կողմերը տարբեր պատճառներով, տարբեր նպատակներով խոսում էին նախկին համաձայնագրերը վերանայելու անհրաժեշտության մասին։ Խնդիրը չափազանց բարդ է։

Կարդացեք նաև

Պատահական չէ նաև այն, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ չկան տվյալներ նոր հանդիպման մասին նույնիսկ Մոսկվայում համանախագահների խորհրդակցություններից հետո, ուստի նախագահական նոր հանդիպման կայացման հեռանկարները չափազանց աղոտ են»,- ասաց Տարասովը։

 

Տեսանյութեր

Լրահոս