«Փոխանակ գյուղացու արտադրանքն արտահանեն, ապահովեն շուկան, այսօր մեղադրում են գյուղացուն»
Մեր զրուցակիցն է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը
– Ոռոգման ջրի ոլորտում այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում, գյուղացիներն ամեն տարի իրավացիորեն բողոքում են, որ այգիները ոռոգելու խնդիր ունեն, ո՞վ պետք է կարգավորի այս հարցը, նաև ոռոգման ջրի գներից են բողոքում, դա ինչպե՞ս պետք է կարգավորվի։
– Մենք նույնիսկ գյուղեր ունենք, որ այս տարի քիչ ցանք են արել կամ ընդհանրապես չեն արել, հատկապես` Լոռու տարածքում։ Մարդիկ ուղղակի ոռոգման ջրի պարտքեր ունեն. թե ինչպես են դրանք կուտակվել` ուրիշ խնդիր է, իհարկե, մեր խորին համոզմամբ` ոչ օբյեկտիվ պարտքերի կուտակում է, որովհետև տեսնում ենք մոնոպոլ վիճակ։ 2008թ. ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն մի օրենք անցկացրեց Ազգային ժողով, որտեղ ՋՈ-երը դարձան մոնոպոլ, այսինքն` ցանկանում ես թե չես ցանկանում` ՋՈ-ն պետք է քո ոռոգման գործին մասնակցի։
Այսօր մենք ունենք շատ տնտեսություններ, հատկապես` անհատ ֆերմերներ, փոքր գյուղեր, որոնց ոռոգման ցանցերը հարմար են ՋՐԱՌ-ի ցանցին միանալու ու առանց ՋՈ-ի օգնության այդ ոռոգումը կազմակերպելու։ Ցավոք սրտի, այդ օրենքի թերությունը բերում է նրան, որ այստեղ մենք ունենք մոնոպոլ վիճակ և իրոք պետք է պայքարենք դրա դեմ։ Կարծում եմ` այդ օրենքում փոփոխություն պետք է լինի։
Երկրորդ խնդիրն այն է, որ մասնագիտական որևէ մոտեցում չի եղել, բայց ընդունվել են նորմատիվներ հենց ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից, օրինակ` կարտոֆիլի մեկ անգամվա ոռոգումը գիտականորեն հաշվարկված է 700 խմ ջուր, այսօր գյուղացուց գանձվում է կրկնակին։ Այդ նորմատիվները պետք է մշակեն ոչ թե Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները, որոնք հենց ջուր են վաճառում, այլ մի անկախ, թեկուզ` կառավարությանը կից հանձնաժողով։
Հատկապես ՀՀ գյուղնախարարության կողմից դա պետք է մշակվի, որովհետև ամեն մի բույս ունի իր ոռոգման ցիկլը։ Եթե բանջարեղենը ոռոգում ենք 15-20 անգամ, ապա կարտոֆիլը որոշ տեղերում 3 անգամ ենք ոռոգում, որոշ տեղերում` 5։ Հստակ պետք է հասկանանք` ամեն մի հեկտարի հաշվով ինչ ծախս է կատարվում։
Մեզ կհակաճառեն, որ հաշվիչներ են դրված. այդ հաշվիչների պատմությունն էլ շատ լավ գիտենք, շատ հեշտ է այդ հաշվիչների հետ աշխատանք տանելը։ Իրենց հաշվիչներն են, ոնց ուզում` այնպես էլ հաշվում են։ Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ պետք է ջրային համակարգում բարեփոխումների գնալ։ Գյուղը լքելու հիմնական առիթներից մեկն էլ ջրի վարձն է, որն ընդհանրապես անընդունելի է։ Կառավարությունը սուբսիդավորում է, բայց գյուղացին արդյունքը չի տեսնում։ Առաջին քայլը` պետք է մտցնենք մրցակցություն, այսինքն` ոչ միայն ՋՈ-երը պետք է մասնակցեն գյուղացու ոռոգման համակարգի սպասարկմանը, այլ պետք է այլընտրանք լինի. կլինի դա գյուղապետարանը, մասնավոր խոշոր ֆերմերները, կոոպերատիվները, ասոցիացիաները, որոնք զբաղված են գյուղմթերքի արտադրությամբ։ Մինչև գարուն, եթե լավ աշխատենք, ոռոգման համակարգը կարգի կբերենք։
– Կաթի փոշին էժան գներով բերում են Հայաստան այն դեպքում, երբ Եվրամիությունն արգելել էր դրա օգտագործումը, որովհետև վտանգավոր է առողջության համար, ու օգտագործում են կաթնամթերքի արտադրությունում. այս խնդրին ի՞նչ լուծում եք տեսնում։ Նաև վերջերս նշել էիք, որ գյուղացուց էժան գնով միջնորդները կաթ են գնում ու հանձնում գործարաններին. այս խնդիրը որքա՞ն ժամանակ է կա ու ինչպե՞ս պետք է կարգավորվի։
– Երկու տարի ահազանգում ենք, որ մենաշնորհային գաղափարն է աշխատում, այսինքն` գործարանները կանգնած են հետևում, միջնորդները գնում են գյուղեր, էժան կաթը ձեռք են բերում. 3.5% յուղայնությամբ կաթի մեկ լիտրը 100 դրամով ձեռք բերելով` խանութում վաճառում են 350-400 դրամով։ 6-7 կգ կաթից, եթե կաթի փոշի չեն խառնել, 1 կգ պանիր է ստացվում։ Այսինքն` 700 դրամ կաթի գումար են վճարում, ու ինչպե՞ս է լինում, որ այդ պանիրը հետո դառնում է 2800 դրամ, այն էլ` այն դեպքում, երբ հետո պարզվում է, որ պանրի մեջ կեսը կաթի փոշի է խառնված։
Եթե կաթը նոսրացվում է, ուրեմն գյուղացու մեկ լիտր կաթը խանութում դառնում է 800 դրամ. գերշահույթը նայեք։ Պարենի անվտանգությունն էլ աչքերը փակում է։ Հարյուր անգամ ասել ենք` գոնե նշեք, որ կեսը կաթի փոշի է, բայց ինքնահոսի թողնված վիճակ է։ Մեր թշնամի երկիրն էլ ուրախանում է, որ մենք հորմոններով հագեցած հավի միս ենք ուտում։ Եթե այսպես շարունակենք, նոյեմբեր ամսից շուկայում կհայտնվի Ռուսաստանի հավկիթը։
Որովհետև այնտեղ ինքնարժեքն էժան է, իսկ մեզ մոտ, չգիտես ինչո՞ւ, թանկ է։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը հենց այդպիսի բաներով պետք է զբաղվի, թե ոնց է լինում, որ, եթե նորմատիվը 3.5 կերամիավորից պետք է ստանա 1 կգ քաշը, 10 կերամիավորից է ստանում։ Թռչնաբուծությունը դառնում է վնասաբեր ուղղություն, բայց աշխատում են։ Կամ ո՞նց է լինում, որ 1 կգ խաղողից մենք կարող ենք ստանալ 1 շիշ գինի, որի ինքնարժեքը շշով, պիտակով ու դրոշմապիտակով դառնում է 350-400 դրամ, բայց խանութում հայտնվում է 2000 դրամով, այնինչ պետք է լինի մոտ մեկ դոլար։
Գյուղնախարարությունից գյուղացուն մեղադրում են շատ խաղող արտադրելու մեջ, բայց գյուղացին մեղավոր չէ, այն մարդիկ են մեղավոր, որ ձեզ նշանակել են այդ պաշտոններին։ Փոխանակ գյուղացու արտադրանքն արտահանեն, ապահովեն շուկան, այսօր մեղադրում են գյուղացուն։
Ժամանակն է եկել գործարանատերերին հասկացնելու, որ 3 «Ջիփով» պետք չի ման գալ, 3 հատ առանձնատուն պետք չի ունենալ և 3 հատ սիրուհի պետք չի պահել։ Տնտեսական լծակներ կան, որ, եթե գերշահույթ ես ստացել, բարի եղիր` այդ գերշահույթից հարկերդ վճարիր, որտեղից էլ մենք կսուբսիդավորենք գյուղատնտեսությունը։ Ինչո՞ւ ենք արտադրում կոնյակ, գինի, երբ մենք կարող ենք խաղողի օղի արտադրել. բուլղարական խաղողի օղին 8 դոլար արժե ռուսական շուկայում, իսկ ինչո՞ւ խաղողի հյութ չարտադրենք, արժեքը գինու հետ նույնը կլիներ, կամ ինչո՞ւ ոչ` խաղողի մեղր։
– Պարոն Բերբերյան, մեր վերջին զրույցում ցորենի իրացման հետ կապված խնդիրներ էիք արձանագրել` նշելով, որ գյուղացուց էժան գներով ձեռք են բերում ցորենը, իսկ սպառողին թանկ գնով վաճառում, այսինքն` գործարաններն աշխատում են հսկայական` հարյուրապատիկ գերշահույթներով։ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ևս զբաղվում է հացի արտադրությամբ: Դուք տեղյա՞կ եք` որքան գերշահույթ է նա ունենում։
– Եթե չեմ սխալվում, «Երևան սիթի» համակարգում հենց տեղում հացաթխում է կատարվում, և լավաշի գինն արժե 460 դրամ (մեկ կիլոգրամը)։ Ալրաղացները տարբեր պատճառներ են գտնում ու խուսափում են գյուղացուց ուղղակի ալյուր ձեռք բերել։ Իհարկե, դրանք առիթներ են, բայց կատարվեց այն, ինչ կատարվեց։ Եթե մենք նախկինում դա նկատել էինք կաթի դեպքում, երբ միջնորդներ էին հայտնվում, որոնք գյուղացուց ցածր գներով կաթ էին ձեռք բերում, այս տարի նույնը ցորենի դեպքում տեսանք։
Պատահական մարդիկ` մեքենաներով հայտնվում էին ու առաջարկում գին. Արարատյան գոտում` 100-120 դրամ, Շիրակում` 90-110 դրամ, իսկ ամենախայտառակ թիվը Վարդենիսում էր` 90 դրամ։ 1 կգ ցորենից, որի արժեքն 90 դրամ է, կարելի է ստանալ 1 կգ-ից մի փոքր էլ ավելի հաց, էլ չեմ ասում` այն թեփը, որը պետք է առանձին վաճառվի. 30%-ը թեփն է։ Այսինքն` թեփի ծախսերը երևի բերում են հացի թխման ծախսերին համարժեք մի թիվ։ Հացի թխման պրոցեսն առանձնապես ծախսատար պրոցես էլ չէ, և ինքնարժեքը պետք է լիներ ոչ ավելի 150 դրամից։
Այսինքն` վաճառողի ու արտադրողի շահույթն էլ հետը` 1 կգ հացը խանութներում պետք է արժենար 250 դրամ, ոչ ավելի։ Բայց մյուս հացերի արժեքը հասնում է մինչև 500 դրամի, լավաշինը` 460 դրամի։ Ինչո՞ւ օրինակ բերենք հենց Սամվել Ալեքսանյանին, նույն «Քարֆուրում» էլ նույն գինն է` 460 դրամ։ Այսինքն` սա մի բիզնես է, որը գերշահույթ է բերում։