Սերգեյ Խաչատրյանն ու Նարեկ Հախնազարյանը՝ մեկ համերգում
Երևանյան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 20-ին Հովարդ Կարագյոզյան հիշատակի հիմնադրամը ներկայացնում է հիմնադրամի 95-ամյակին նվիրված՝ «Անվամբ որդու» խորագրով համերգը:
Ծրագրում՝ Սերգեյ Խաչատրյան (ջութակ, Գերմանիա), Նարեկ Հախնազարյան (թավջութակ, Ռուսաստան), Հակոբ Ղասաբյան (դիսկանտ, Ֆրանսիա), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ. Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:
Հովարդ Կարագյոզյան հիշատակի հիմնադրամը հիմվել է 1921թ.-ին Միհրան և Զաբել Կարագյոզյանների կողմից, միակ որդու՝ Հովարդի հիշատակին: Հովարդ Կարագյոզյանը մահացել էր 1918թ., գրիպի համաճարակից՝ 14 տարեկանում: Հիմնադրամի սկզբնական նպատակն ու առաքելությունն է եղել Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին օգնություն տրամադրելն ու կրթության հնարավորություն տալը: Հետագա տասնամյակներում Հովարդի ավագ քրոջ՝ Լեյլա Կարագյոզյանի ղեկավարությամբ, հիմնադրամը զգալիորեն ընդլայնել է իր գործունության ոլորտները՝ օգնելով հայ գաղթականներին, որոնք Մերձավոր Արևելքում և այլուր մաքառում էին՝ կյանքը վերստեղծելու համար: 80-ականների վերջից հիմնադրամը հաստատվեց նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ օգնելով Սպիտակի երկրաշարժից, պատերազմից և տնտեսական ճգնաժամից տուժած համայնքներին:
Այսօր Կարագյոզյան հիշատակի հիմնադրամն աշխարհի տարբեր վայրերում շարունակում է իր առաքելությունը՝ տրամադրելով կենսական անհրաժեշտություն ունեցող առողջապահական, կրթական, սոցիալական և մասնագիտական օգնություն՝ միաժամանակ աջակցելով դպրոցներին, հիվանդանոցներին և համայնքային հաստատություններին:
Տեղեկացնենք, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: