«Ո՞վ ասաց, որ մենք Սուրիկ Խաչատրյանի կամ մյուսի ամեն արածի վերաբերյալ դրական վերաբերմունք ունենք». ՀՀԿ-ական պատգամավոր
«ՀՀԿ-ի համար առանձնապես կարևոր չէ, թե ով է ընտրվում գյուղապետ, մեկ է՝ սենց թե նենց, իրենց հետ է աշխատելու: Եթե կուզեք, այն մարդը, որն այս կառավարության ծրագրին, քաղաքականությանը դեմ է, ճիշտ էլ չէ, բարոյական չէ՝ ընտրվի, ասենք, համայնքապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հակադրվեց նրան՝ ասելով, որ Տարածքային ինքնակառավարման մարմինը հենց նրանով է Տարածքային ինքնակառավարման մարմին, որ նա կարող է և նույնիսկ պետք է կենտրոնական կառավարմանը հակոտնյա վարք ունենա համայնքի խնդիրների համար.
«Սա է միայն տարածքային ինքնակառավարման տրամաբանությունը»:
Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց Հրանուշ Խառատյանի տեսակետի հետ՝ ասելով.
«Այդպես չէ ախր, Տարածքային կառավարման մարմնի այդ ամբողջ ֆունկցիաները, որ կատարում է քաղաքապետը, ավագանին, տրված է, որ ինքն իրացնի այդ լիազորությունները, սա չի նշանակում, որ ինքը պետք է հակադրվի ընդհանուր պետական քաղաքականությանը: Դրանք տարբեր բաներ են: Այսօր ճիշտն ու արդարը երբեմն հակադրվում են իրար: Այսօր երբեմն ճիշտ չէ, որ համայնքապետ լինի այս մարդը, բայց արդար ձևով նա է ընտրվում, բայց ունի 8-րդ դասարանի կրթություն, ուղղակի ունի մեծ ազգ ու տակ: Արդար է, բայց ճիշտ չէ»:
Հ. Խառատյանն էլ նկատեց, որ 8-րդ դասարանի կրթությամբ անձինք խորհրդարանում էլ կան: Նա հետաքրքրվեց, թե ՀՀԿ-ն ինչո՞ւ է թույլ տալիս՝ իր ցուցակներում այդ կրթությամբ մարդիկ լինեն: Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, ու մարդիկ գուցե հետո հեռակա հիմունքներով են սովորում, լրացնում են իրենց գիտելիքները:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ ի՞նչ պայքար եք պատկերացնում, այն դեպքում, երբ Գորիսում պայքարի դուրս եկան, տեսանք՝ Բուդաղյանների հետ ինչ եղավ, Էջմիածնում դուրս են եկել, հիմա այդ մարդիկ կիսամեռ են, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ դա լավ բան է, ո՞վ ասաց, որ այդ բոլորին ՀՀԿ-ն համաձայն է կամ լավ աչքով է նայում»:
«Ես եմ ասում, որ ՀՀԿ-ն համաձայն է, նա նույնիսկ իր կուսակցության շրջանակներում քրեական գործերին հետևողական չէ, հակառակը՝ խրախուսում է: Սա ամբողջ հանրությունը գիտի, դուք ուզում եք ասել, որ այդպես չէ, դրա համար էլ ես դադարում եմ ձեզ հավատալ»,- հայտարարեց Հրանուշ Խառատյանը:
Լրագրողի դիտարկմանն էլ, թե Սուրիկ Խաչատրյանին էլ այն աղմկահարույց դեպքերից հետո նորից նշանակեցիք պաշտոնի, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց.
«Լավ, Սուրիկ Խաչատրյանի անունը մի քիչ քիչ շոշափեք, է՛լի: Իսկ ո՞վ ասաց, որ մենք Սուրիկ Խաչատրյանի կամ մյուսի ամեն արածի վերաբերյալ դրական վերաբերմունք ունենք: Ես վատ եմ զգում, որ էդքան մարդիկ կան, միայն Սուրիկ Խաչատրյանի մասին եք խոսում… Մի հատ էլ հիշեք, որ Սուրիկ Խաչատրյանը կռվել է թուրքերի դեմ, նման բաներ էլ հիշեք»:
Հ. Խառատյանն էլ նկատեց, որ «ՀՀԿ-ի տրամաբանությամբ՝ Արայիկ Խանդոյանն էլ է կռվել թուրքերի դեմ, հետո՞ ինչ»: