
Վրաստանում բոլոր կողմերը պետք է դատապարտեն բռնությունը ընտրությունների ընթացքում․ ԵԽԽՎ

Վրաստանում գոյություն ունի միջավայր, որն անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ԵԽԽՎ-ն, որի պատվիրակությունը սեպտեմբերի 13-14-ը գտնվել է Թբիլիսիում՝ գնահատելու նախընտրական միջավայրը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Պատվիրակության մոտ, որը գլխավորել է Էմանուել Զինգերիսը, ստեղծվել է տպավորություն, որ երկրում գոյություն ունի միջավայր, որը համապատասխանում է ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը։ Պատվիրակությունն ականատես է եղել բազմակարծ քաղաքական և մեդիա միջավայրի և գործուն իրավական բազայի։
Չնայած դրան, պատվիրակությունը կարծում է, որ թեև ընդհանուր կլիման ավելի քիչ է լարված, համեմատած նախորդ ընտրությունների հետ, պատվիրակությունն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բոլոր կողմերը պետք է դատապարտեն բռնություններով ուղեկցվող քարոզարշավները, բոլոր կողմերը պետք է դատապարտեն ընդդիմախոսների հետապնդումները, որ հրապարակավ պետք է կոչ անեն կողմնակիցներին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են խաթարել ժողովրդավարական ընտրությունների հիմքը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ընտրական գործընթացի մոնիթորինգի անցկացման նպատակով Վրաստան կժամանի ԵԽԽՎ-ի պատվիրակության 32 անդամ։