«Հայաստան-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի մասնավոր ընկերության». Էկոնոմիկայի փոխնախարար
Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի որեւէ մասնավոր ընկերության: Այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ գոտու ստեղծման վերաբերյալ քննարկումների արդյունքում երեք առաջադրված տարբերակներից գերակշռողը դա է:
«Ազատ տնտեսական գոտու թեման արդեն բարձրացվել է եւ դարձել քննարկումների առարկա, բայց սա դեռեւս գործնական քայլերի փուլ չէ: Իրանում առաջիկայում նախատեսվում է հայկական ապրանքների ցուցահանդես. մեր այցի շրջանակում էլ նախատեսում ենք բանակցել այդ ուղղութամբ: Պետք է օգտագործենք այդ ընթացքը»,- այս մասին նշեց փոխնախարարը:
Հոկտեմբերի 5-8-ը Իրանում անցկացվող հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսից Հովհաննես Հովհաննիսյանն ակնկալում է Իրան-Հայաստան գործարարների միջեւ նոր պայմանագրերի կնքում:
«Ունենք որոշակի արդյունքներ հայաստանյան ծառայությունների՝ իրանական շուկա արտահանելու հարցում օրինակ՝ ggtaxi-ն, Ucom-ը: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը եւս կնպաստի նոր պայմանագրերի կնքմանը եւ հայկական այլ ապրանքների, ծառայությունների իրացմանը իրանական շուկայում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: