Վան Գոգը տառապում էր պսիխոզի նոպաներով. փորձագետներ
Հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգն իր կյանքի վերջին մեկուկես տարում տառապել է պսիխոզի կրկնվող նոպաներով, հայտարարել են ամստերդամցի փորձագետները, տեղեկացնում է BBC-ն:
Մի խումբ հետազոտողներ, ներառյալ բժիշկներ եւ արվեստաբաններ, ուսումնասիրել են վիթխարի քանակությամբ փաստաթղթեր, այդ թվում հոլանդացի պոստ-իմպրեսիոնիստների նամակագրությունը:
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ նյարդային խանգարումը, որն ի վերջո հանգեցրել է այն բանին, որ 1888 թվականին նկարիչը կտրել է իր ականջը, կարող Էր լինել սթրեսի կամ ալկոհոլի չարաշահման հետեւանք:
Սակայն նրանք չեն կարողացել նկարչին վերջնական ախտորոշում տալ նրա նյարդահոգեկան վիճակի կապակցությամբ:
Վան Գոգի առողջության մասին հանրաճանաչ տեսությունները վկայում են, որ նա տառապել է երկնաբեւեռ խանգարմամբ, շիզոֆրենիայով կամ սիֆիլիսով:
«Բայց այս ամենը չի տալիս այն ամբողջական պատկերն, ինչ տեղի է ունեցել նրա հետ»,- ասել է բժշկագիտության պրոֆեսոր Արկո Օդերվալդը Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում:
Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսին հրազենային վերքից: Համարվում Է, որ ինքն է իր վրա կրակել:
2016 թվականի հուլիսին հայտնվել է նոր հետազոտություն, որում ենթադրություն է արվում, թե Վան Գոգն իր ականջը կտրել է ամբողջությամբ, այլ ոչ թե դրա մի մասը, ինչպես համարվում էր ավելի վաղ:
Ավելի ուշ The Art Newspaper-ի հեղինակները հայտնել են, որ այն աղջիկը, որին Վան Գոգը տվել է կտրած ականջն՝ ասելով «այ սա խնամքով պահպանեք», եղել է ֆերմերի դուստր՝ ոմն Գաբրիել Բեռլատիե:
Լուսանկարը` EPA