«Հայաստանը պետք է մեծ աշխատանք տանի Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ». ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի համոզմամբ` Հայաստանը պետք է մեծ աշխատանք տանի Իրանի հետ առեւտրաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ: Նրա խոսքով` թեպետ Իրան-Հայաստան առեւտրաշրջանառության 2016 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները խոստումնալից են, դա դեռեւս բավարար չէ:

«Եթե նայենք նախորդ տարվա ցուցանիշները, ապա դրանք բավականին համեստ են` շուրջ 280 մլն դրամ, որից 80 մլն-ը արտահանումն է, իսկ 200 մլն-ը` ներմուծումը: Եվ չնայած նրան, որ այս տարի արտահանման տեսանկյունից ունենք մոտ 3 անգամ աճ, կարծում եմ` այդ թվերը հեռու են այն նշանակետից, որ մենք կցանկանայինք ունենալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Հարությունյանը:

ԱԳ փոխնախարարը կարեւորեց հոկտեմբերի 5-8-ը Իրանում հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսի անցկացումը հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

«Այս միջոցառման կազմակերպմանն աջակցել է Իրանում ՀՀ դեսպանատունը: Սա շատ կարեւոր է, նախեւառաջ, դեսպանատների ակտիվացման համար տնտեսական բաղադրիչի մասով: Գիտենք նաեւ, որ հանվել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, այսինքն` արդեն ժամանակի հրամայական է ակտիվացնելու հարաբերությունները մեր հարեւան երկրի հետ: Սկսում ենք այս ցուցահանդեսով, սակայն, կարծում եմ, կշարունակենք կազմակերպել նաեւ այլ միջոցառումներ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս