
«Ճանաչելով վարչապետին՝ ես հավատում եմ, որ որոշակի հաջողություններ կունենա». Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր «Armenia EXPO 2016» ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին հարցին, ասաց, որ վարչապետն ԱԺ-ում իր գնահատականները տվեց, թե տնտեսությունում ինչ վիճակ է.
«Ասաց, որ ծանր է տնտեսության վիճակը, այսինքն՝ ընդունեց այդ մարտահրավերը։ Նոր կառավարությունը պետք է կարողանա լուծումների փաթեթ մշակել՝ արագացնելու որոշակի գործընթացներ, որոնք մեր տնտեսական զարգացման հետ են կապված։ Դժվար է լինելու, որովհետև արդեն 9-րդ ամսում ենք այս տարվա։ Դժվար է լինելու, որովհետև արտաքին նեգատիվ ազդեցությունները դեռևս էապես ազդում են մեր տնտեսության վրա. խոսքը ռուսական շուկայի անկայունության մասին է։ Բայց ճանաչելով վարչապետին՝ որպես շատ լուրջ գործարար և մենեջմենթի անդամ, նա երկար ժամանակ եղել է մեր միության խորհրդի անդամ, ես հավատում եմ, որ որոշակի հաջողություններ կունենա»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր է ակնկալում վարչապետից, նա պատասխանեց. «Երբ ընթերցեմ նրա կազմած կառավարության աշխատանքային ծրագրերը, այդ ժամանակ կնախընտրեմ այդ մասին խոսել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: