ԿԸՀ նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է Մուկուչյանի թեկնածությունը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածությունների առաջադրումը: Եւ, ԿԸՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն, ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածություններն այլևս առաջադրելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը անդամների 3/5-ի ներկայացմամբ:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ՀՀԿ-ից՝ Վահրամ Մկրտչյանի, Լևոն Մարտիրոսյանի, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանի, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանի, ԲՀԿ-ից՝ Լևոն Խաչատրյանի հետ միասին առաջադրել են Տ.Մուկուչյանի թեկնածությունը:
Ընդ որում, վերջինս այդ պաշտոնի համար միակ թեկնածուն է, որևէ այլ թեկնածություն չի առաջադրվել: Ստացվում է, որ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի ներկայացուցիչներն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իշխանության ներկայացուցչի հետ միասին առաջադրել են, այնուհետեւ պաշտպանելու են Տիգրան Մուկուչյանին: Նույնն է, թե ՀՀԿ-ի հետ միասին Մուկուչյանին կընտրեն նաեւ ընտրությունները կեղծելու մասին բարձրաձայնող «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները:
Հովհաննես Սահակյանի ներկայացմամբ, Տիգրան Մուկուչյանի հետ միասին ԿԸՀ 6 անդամի համար առաջադրվել են Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի և Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները: Ի դեպ, այս վեցը նույնպես ԿԸՀ գործող անդամներ են, և որևէ նոր թեկնածություն չի առաջադրվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: