«ԵՏՄ մտնելով՝ մենք մեր անշնորհքության պատճառով ավելին ենք տալիս, քան պահանջվում էր տալ». Վազգեն Մանուկյանը՝ ապագա կառավարությունից սպասելիքների մասին

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ  կուսակցության նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու փաստին, ասել է, որ փոփոխությունների հասնելու համար նա պետք է կարողանա ձևավորել միասնական նպատակներ ունեցող կառավարություն:

«Շատ խելոք ու լավ մարդ է, սակայն, եթե չկարողանա միասնական նպատակներ ունեցող կառավարություն ձևավորել, ապա չի կարողանա կատարել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին: Այժմ նախարարները միասնական նպատակներ չունեն, տարբեր տեղերից եկած  և միասնական մտածողություն չունեցող թիմ է հավաքված»,- ասել է նա:

Ըստ Վ. Մանուկյանի՝ կառավարությունն առաջին հերթին՝ պետք է լուծի Հայաստան  ներքին և արտաքին ներդրումների խնդիրը.

«Հայաստանում կան մարդիկ, որոնք շատ մեծ գումարներ են վաստակում, սակայն ներդրումներ չեն կատարում Հայաստանում,  դրսում տուն են առնում, գործարան են առնում  և այլն: Եթե ներդրումների հարցը չլուծվի, ապա երկիրն առաջ գնալ չի կարողանա: Տնտեսությունը պետք է ունենա ազատ մրցակցային դաշտ, մաքսային  և հարկային ոլորտներում պետք է աշխատեն ազնիվ մարդիկ, այժմ այս ոլորտները հարստանալու տեղ են դարձել: Մյուս հարցը դատարաններն են: Եթե իմ իրավունքները չեմ կարող դատարանների միջոցով պաշտպանել, ապա առաջ գնալ չեմ կարողանա: Հաջորդ հարցն այն է, թե պետությունն ինչ ծրագրեր պետք է դնի իր առջև, ունի բյուջե  և պետք  է տնտեսությունը խրախուսելու համար ներդնի այն»:

Կարդացեք նաև

Կառավարության ապագա գործունեությանն անդրադառնալով՝ նա նաև նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն ինքնուրույն լինի և կախվածություն  չունենա ԵՏՄ-ից կամ ԵՄ-ից. «Հայաստանը փորձել է միշտ դուր գալ Ռուսաստանին  և ԵՄ-ին, տնտեսության բավականին լուրջ ոլորտներ տվեցինք Ռուսաստանին…  բա ի՞նչ եք կարծում, Հայաստանը  չպե՞տք է կատարի իր կամքը: ԵՏՄ մտնելով՝ մենք մեր անշնորհքության պատճառով ավելին ենք տալիս, քան պահանջվում էր տալ»:

Տեսանյութեր

Լրահոս