Կարապետյանը հանձնարարեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները
ՀՀ կառավարության նիստի ավարտին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե որքան ժամանակ է անհրաժեշտ գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին առաջարկություն ներկայացնելու համար:
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին առաջարկել էր համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ընդունելություն է խնդրում՝ որոշակի սկզբունքներ հասկանալու համար, ինչից հետո առավել հստակ ժամանակ կնշի:
«Խնդիրներ կան, որոնք պետք է մինչև վերջ հասկանանք, որ սխալ ուղղությամբ չգնանք»,- ասաց Ռոբերտ Նազարյանը՝ խնդրելով, որպեսզի խորրդակցությանը մասնակցի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
Նիստի ավարտին Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք հայտարարություններ կա՞ն: Չկային: «Շնորհակալություն, Ձեզ բարի տրամադրություն»,- մաղթեց վարչապետը: