Գեղարքունիքում հնդկաձավարի արտադրությունը կընդլայնվի
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում դեռեւս ընթացքի մեջ է հնդկաձավարի բերքահավաքը: Այս մշակաբույսը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էնպարդ» ծրագրի աջակցությամբ առաջին անգամ մշակվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, 100 հեկտարի վրա, իսկ համեմատաբար ավելի փոքր մակերեսներով՝ Գավառ քաղաքում, Սարուխան գյուղում ու մի շարք այլ բնակավայրերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետարանի մասնագետ, գյուղատնտես Արտաշ Խալաֆյանը, սեպտեմբերի 13-ի դրությամբ հնձվել է հնդկաձավարի արտերի մոտ 30 հեկտարը:
«Կարկտահարված հատվածներում 1 հեկտարից ստացել ենք 700 կիլոգրամից մինչեւ 1, չկարկտահարված հատվածներից՝ մինչեւ 1,5 տոննա հնդկաձավար: Բերքը տեղափոխում ենք կալ, չորացնում եւ պահեստավորում: Նախնական հաշվարկներով՝ արդեն ունենք մոտ 100 տոննա բերք, որը վերամշակելու ենք Ծովագյուղում հիմնադրված գործարանում: Այստեղ վերամշակման կընդունվի նաեւ մեր ու հարեւան մարզերում արտադրված հնդկաձավարը: Բերքահավաքը կավարտվի առաջիկա 10-15 օրերի ընթացքում»,- ներկայացրեց Արտաշ Խալաֆյանը: Նրա հավաստմամբ՝ հնդկաձավարի մշակությունը Ծովագյուղում եւ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում հաջող քննություն է բռնել, եւ եկող տարում կընդարձակվեն այս մշակաբույսի ցանքերն ու արտադրական ծավալները:»
«6 հեկտար առանձնացրել ենք հատուկ սերմադաշտի համար, ստացել մոտ 20 տոննա սերմացու, որը տրամադրելու ենք տնտեսություններին: Արդեն ստանում ենք պատվերները, ինչը նշանակում է, որ հնդկաձավարի մշակությամբ զբաղվել ցանկացողները շատ են թե՛ մեր գյուղում, թե՛ հարեւան համայնքներում»,-նշեց գյուղատնտեսը:
Խոսրով Խլղաթյան