«Քննիչը որ մեղադրանքի որոշման նախագիծը գրեց՝ բերեց, դատախազը կոֆեի բաժակ նայի՞՝ հաստատի, կամ գիր-ղուշ գցի՞». Գագիկ Ջհանգիրյան

«Մեր դատախազն այստեղ դիտորդ է, քննչական գործողությունների մասնակցության իրավունք չունի»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Դատախազությունը դեռևս 1995 թվականի Սահմանադրությամբ՝ ձերբազատվել է տոտալիտար համակարգերին բնորոշ ընդհանուր հսկողության լիազորությունից։ Նա նկատեց, որ ինքը եղել է Սահմանադրության այդ գլուխների աշխատանքային խմբի մասնակիցն ու մշակողը։

«Դատախազությունը ձերբազատվել է, դուրս է մնացել նաև քաղաքացիաիրավական շրջանառության վեճերից՝ ընտանեկան, աշխատանքային, բնակարանային, և մենք ընդօրինակել ենք արևելյան եվրոպական երկրների Դատախազության մոդելը։ Ցավը նա է, որ մենք ազատվելով հավելյալ լիազորություններից, որոնք պետք չեն մեր Դատախազությանը՝ ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ։ Մենք  խուզում ենք այն լիազորությունները, ամորձատում ենք Դատախազությունն այնպես, որ նա ռեալ ազդեցություն չունենա գոնե քրեական վարույթի ընթացքում»,- նշեց Գ. Ջհանգիրյանը։

Նրա դիտարկմամբ՝ մեր դատախազն այստեղ դիտորդ է, քննչական գործողությունների մասնակցության իրավունք չունի. «Եթե դատախազը քննչական գործողությունների չի մասնակցում, տուժողին չի ճանաչում, վկային չի ճանաչում, ինչպե՞ս է մեղադրանքի որոշումը հաստատելու։ Ինքն այդ մարդկանց չի տեսել,  նրանց ցուցմունքները չի լսել, անձնական շփումներ չի ունեցել նրանց հետ, այդ քննիչը որ մեղադրանքի որոշման նախագիծը գրեց՝ բերեց, ինքը կոֆեի բաժակ նայի՞՝ հաստատի, կամ գիր-ղուշ գցի՞։ Մենք ուզում ենք այնպիսի Դատախազություն, որը ռեալ գործառույթ իրականացնի։  Հսկայական սխալներ կարող են թույլ տրվել, որոնք դատախազի միջոցով չեն կարող շտկվել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս