Ամուսնուն կորցրած 4 անչափահաս երեխաների 32-ամյա մայրը օգնության կարիք ունի
«ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» Բարեգործական կազմակերպությունը դիմում է բոլոր բարեգութ մարդկանց. «Հարգելի՛ էջակիցներ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ Սահմանամերձ գյուղերում սոցիալական ծայրահեղ պայմաններով հագեցած առօրյան հուսալքության մեջ է գցում մարդկանց, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում բնակվող 32-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի համար ընտանիքի ծանր հոգսերը առավել քան անտանելի են: Դեռ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունը խլեց Վարդուհու երիտասարդ ամուսնու կյանքը:
Այդ օրվանից ի վեր Վարդուհին, 4 անչափահաս երեխաները և ամուսնու մայրը մի կերպ գոյատևում են նպաստից ստացված գումարի և փոքրիկ հողամասից հավաքած բանջարեղենի շնորհիվ: Վարդուհու 4 դպրոցական երեխաները` 12, 10, 6 տարեկան տղաները և 8-ամյա դուստրը շատ ժամանակ կիսաքաղց են մնում և անհրաժեշտ իրերից զուրկ: 3 ապագա զինվոր ունեցող ընտանիքը բնակվում է այնպիսի տան մեջ, որը որպես այդպիսին չի կարելի անվանել: Լուսանկարներից էլ պարզ է դառնում, թե ինչպիսի կիսաքանդ, գորշ, սառը պատերի մեջ է բնակվում Վարդուհու բազմանդամ ընտանիքը:
Կացարանի կտուրը վերանորոգման կարիք ունի, իսկ տանը սառը, խոնավ բետոնե գետնի վրա ոտք դնելը արդեն հայտնի է իրենից բխող հիվանդությունների շարքով: Վերանորոգման կարիք ունի նաև բաղնիքը, որի միայն պատերն են կանգուն և զրկված տարրական հիգիենայի պայմաններից, իսկ այստեղ ստիպված լողանում են 4 երեխաներ:
Զուգարանը գտնվում է տնից բավականին հեռու, ճանապարհն այնպիսին է, որ սահելով են հասնում զուգարան, ճանապարհն առավել դժվար է ձմռան ամիսներին: 4 երեխաների հագուստը լվանալը ևս դժվար է միայնակ մոր համար և մեծ երազանքներից մեկն է ավտոմատ լվացքի մեքենա ունենալը: Երազանքներն այս ընտանիքի բոլոր անդամների համար գրեթե նույնն են` ունենալ սնունդ` օրերով քաղցած չմնալու համար, հագուստ և կոշիկներ, ինչ-որ չափով վերանորոգված տուն, քանզի հաճախակի են հիվանդանում գորշ, սառը պատերի մեջ անընդմեջ գտնվելով և ոտքը բետոնե հատակին դնելով:
Այս ընտանիքի երազանքները իրականություն կդառնան, երբ կրկին միավորենք մեր ուժերը և հերթական օգնությունը կազմակերպենք միայնակ մոր 4 երեխաների համար: Ստեղծենք նրանց համար եկամտի մշտական աղբյուր և տեսնենք ժպտացող աչքեր ու գոհունակ դեմքեր:
«Ընտանի կենդանիներ կարիքավոր ընտանիքներին» ծրագրի շրջանակում ցանկանում ենք Վարդուհու ընտանիքին նվիրել հավեր և հնդկահավեր: Իհարկե, չմոռանալով սննդի, հագուստի, այլ անհրաժեշտ պարագաների, ավտոմատ լվացքի մեքենայի և տան վերանորոգման մասին:
Օգնելու համար խնդրում ենք զանգահարել +37477 81 87 44 հեռախոսահամարով»: