Մահացել է ՃՇՀԱՀ պրոռեկտոր Սեդրակ Սեդրակյանը
Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոռեկտոր, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական, վաստակաշատ մանկավարժ և գիտնական Սեդրակ Միսակի Սեդրակյանը:
Սեդրակ Սեդրակյանը 69 տարեկան էր: Ծնվել էր 1947-ին Արտաշատ շրջանի (այժմ Արարատի մարզ) Ոստան գյուղում: Գերազանցությամբ ավարտելով դպրոցը ընդունվել է Երևանի Կ. Մաիքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1973-ին: Ուղեգրվելով հարազատ շրջան՝ Ս. Սեդրակյանը վարել է տնտեսական, կոմերիտական և կուսակցական ղեկավարի պաշտոններ, եղել է ՀԿԼԵՄ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ Արտաշատի շրջկոմի 2-րդ քարտուղար, ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության շրջկոմի նախագահ: Աշխատելուն համատեղ ավարտել է նաև Հայաստանի Գյուղտնտեսական ինստիտուտը (1984):
1988-ին ընտրվել է Արտաշատի շրջկոմի խորհրդի Գործադիր կոմիտեի նախագահ: Մարզերի կազմավորումից հետո Ս. Սեդրակյանը եղել է ՀՀ Արտաշատի մարզպետի խորհրդական, մարզպետի աշխատակազմի ղեկավար, 2002-ից՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար: 2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2006-ին Ս. Սեդրակյանը տեղափոխվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան՝ նշանակվելով ֆինանսական, կապիտալ շինարարության և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Նա գործուն մաստակցություն է ունեցել ինչպես Հայաստանի այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներում, իր ներդրումն է ունեցել Սարսանգի հիդրոհանգույցի տեխնիկական վիճակի համալիր ուսումնասիրություններում՝ հրապարակելով “Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի շահագործման հիմունքները” (համահեղինակով) շատ ուսանելի դասագիրքը:
Ս. Սեդրակյանը տեխնիկական գիտություններիթեկնածու էր, դոցենտ: Ջրամատակարարման համակարգի լավագույն գիտնականներից էր, մասնագիտական գրքերի, մեթոդական ցուցումների հեղինակ, բազմահմուտ մանկավարժ: Երկարամյա ամբասիր աշխատանքների համար արժանացել էր Գերատեսչական մեդալների, պարգևների:
ՃՇՀԱ համալսարանի կոլեկտիվը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը խորապես վշտացած են սիրելի պրոռեկտորի ծանր կորստյան առթիվ և ցավակցում են հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:
Սեդրակ Սեդրակյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա սեպտեմբերի 13-ին Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փող. 64 հասցեում, հուղարկավորությունը սեպտեմբերի 14-ին ժամը 14:00 նույն հասցեից: