Բաժիններ՝

«Ավանդույթ է դարձել՝ ամեն անգամ հյուրընկալել համաշխարհային մեծության որևէ երաժշտի». Էդուարդ Թոփչյան

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-17թթ. համերգաշրջանը կբացվի Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Այս մասին այսօր տեղեկացրեցին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ՝ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, համաշխարհային մեծության ջութակահարուհի Վիվիան Հագները (Գերմանիա), «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանն ու ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:

«Արդեն 10-րդ տարին է, որ մեր համերգաշրջանը սկսում ենք Երևանյան միջազգային փառատոնի մեկնարկով: Այս փառատոնում ավանդույթ է դարձել, որ ամեն անգամ հյուրընկալում ենք համաշխարհային մեծության որևէ երաժշտի, ովքեր փառատոնի շրջանակներում նվագում են Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Լինում են տարիներ, որ միաժամանակ մի քանի հայտնի երաժիշտ ենք հյուրընկալում, այդ դեպքում կազմակերպվում են մի շարք կամերային համերգներ, ինչպես նաև վարպետության դասեր՝ հայ պատանի երաժիշտների համար: Այս տարին նույնպես բացառություն չէ: Այս տարի մեզ հաջողվել է փառատոնին ներգրավել նաև մի շարք հայտնի դիրիժորների, ինչը մեզ կարծես դժվար էր թվում, բայց մեզ հաջողվեց»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնի հյուր, առաջին մեծության ջութակահարուհի Վիվիան Հագները, պարզվում է, երեկ արդեն վարպետության դաս է անցկացրել.

«Ես անհամբեր սպասել եմ իմ հայաստանյան այցին, միգուցե նաև, որովհետև սա իմ առաջին այցն է այս երկիր: Չեմ կարող նախևառաջ չընդգծել, որ Հայաստանն իր երաժշտական որակով ողջ աշխարհում նշանակալի ու կարևոր տեղ է զբաղեցնում՝ հատկապես լարային գործիքների վրա նվագող երաժիշտների տրադիցիայով: Ուզում եմ առանձնահատուկ հիշել այն նշանակալի հայ երաժիշտների մասին, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և որոնց լսելով՝ արդեն շատ մեծ կարիք է ձևավորվում այս երկրի մասին: Համերգից առաջ ոչինչ չեմ ուզում ասել, բայց մի բան հստակ է՝ նվագախմբի և մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ իմ երկու փորձերը շատ հաճելի էին՝ հատկապես, երբ դրանք շատ հաջող անցան»:

Կարդացեք նաև

Ասուլիսի մասնակից՝ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը լրագրողներին ներկայացրեց հիմնադրամի ստեղծման պատմությունը, շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ինչպես նաև անդրադարձ կատարեց ՀԱՖՆ-ի հետ համատեղ կազմակերպված առաջիկա համերգային ծրագրին. «Մեր ամենալավ ու պայծառ կատարողները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Նարեկ Հախնազարյանը, ինչպես նաև մեծ հույսեր ներշնչող մի լուսավոր պատանի մենակատար կմասնակցեն մեր առաջիկա համերգին՝ ներկայացնելով շատ գեղեցիկ կատարումներ»:

14341506_10205250884710377_391986470_n

Սեպտեմբերի 26-ին Արցախում՝ Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կայանալիք համերգին կմասնակցեն երաժիշտներ Ալեքսանդր Չաուշյանն ու Նարե Արղամանյանը: Արցախցի երաժիշտ երիտասարդների համար համերգի հաջորդ օրը նախատեսված է նաև վարպետության դաս:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 30-ն ընթացող փառատոնի ծրագիրն այս տարի գերհագեցած է 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգներով: Ողջ փառատոնի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան հայտնի և մեծ վաստակ ունեցող ավելի քան 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ, այդ թվում՝ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Անուշ Նիկողոսյանը, Բորիս Բրովցինը (Ռուսաստան), Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա), Ֆիլիպ Կասարը (Ֆրանսիա), մեծանուն դիրիժորներ Կիրիլ Կարաբիցը (Ուկրաինա), Դմիտրի Յուրովսկին (Գերմանիա), Մարկ Թարդյուն (Գերմանիա) և ուրիշներ:

Փառատոնի հոբելյանական 10-րդ շրջանը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին:

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանն ու Ալեքսանդր Չաուշյանը:

Տեղեկացնենք, որ Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը նախատեսվում է անցկացնել այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում՝ Դվորժակ՝ Ջութակի կոնցերտ, Բեռլիոզ՝ Ֆանտաստիկական սիմֆոնիա: Մենակատարներ՝ Վիվիան Հագներ՝ ջութակ (Գերմանիա), դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս