
«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը». Ուիլյամ Լահյու

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքն է ընտրում իր արտաքին դաշնակիցներին: Մենք հասկանում են ք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի կարող խանգարել այդ երկրի համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց Լահյուն:
Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության հեռանկարներին՝ դեսպանն ընդգծեց, որ կան մի շարք ծրագրեր, որոնք միտված են այդ համագործակցությունը խորացնելուն: Նա հավելեց, որ այս տարվա նոյեմբերին Վրաստանում նախատեսված են զորավարժություններ, որին հրավիրված է նաև հայկական կողմը: «Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները կընդունեն հրավերը և մասնակցություն կունենան այդ զորավարժություններին: Առաջիկայում ևս մենք Վրաստանում նախատեսում ենք զորավարժություններ անցկացնել, որոնց կարող է մասնակցել նաև Հայաստանը»,- ասաց Ուիլյամ Լահյուն: