«ԼՂ հակամարտության իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն»․ Ջեյմս Ուորլիքի ծավալուն հարցազրույցը՝ Interfax-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով անցած շաբաթ գտնվում էր Մոսկվայում, ռուսական Interfax լրատվական գործակալությանը ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը՝ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Հանդիպման ընթացքում, որը տևել է գրեթե 1 ժամ, մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացն ու հաջորդող քայլերը։ Մենք Լավրովի հետ քննարկել ենք հնչած առաջարկություններն ու այն, թե ինչպես կարող ենք ազդել գործընթացի առաջխաղացման վրա։ Դա շատ բեղմնավոր հանդիպում էր»,- ասել է Ուորլիքը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, որ ԼՂ հակամարտության կարգավորման կառույցը քննարկվում է արդեն երկար տարիներ։

«Հակամարտության կարգավորման առանձին պայմաններ կան, սակայն մեզ բոլորիս չի բավականացնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը՝ առաջ գնալու համար: Մենք այդ պայմանները քննարկել ենք Սերգեյ Լավրովի հետ, խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատանքը կառուցել կողմերի հետ՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման։

Կարդացեք նաև

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կիսում են հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ մոտեցումը։ Այդ պատճառով կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է։

Որպես հետևանք՝ մենք կցանկանայինք կյանքի կոչված տեսնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։

Ինչպես գիտեք, հավանաբար, շնորհիվ այդ գագաթաժողովների ծագել են հակամարտության բազմաթիվ պայմաններ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում ընդլայնել ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմը։ Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել այդ պայմանավորվածությունների զարգացումը։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպումների ժամանակ քննարկում են առանցքային խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել՝ գործընթացն առաջ մղելու համար: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան նույնպես կհամաձայնեն, որ այդ գագաթաժողովների արդյունքը դառնում են ճիշտ ուղղությամբ արված քայլերը։ Մենք հայտնել ենք մեր առաջարկությունները։ Նախարար Լավրովն անձամբ ներգրավված է այդ գործընթացում։

Մենք հուսով ենք, որ այդ բոլոր բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման:
Լավ նորությունն այն փաստն է, որ վերջապես ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո մենք տեսնում ենք հրադադարի ժամանակաշրջան, որը քիչ թե շատ պահպանվում է: Դա այն մթնոլորտն է, որում մենք կարող ենք բանակցություններում առաջընթացի հասնել: Դրա համար էլ մենք կցանկանայինք, որ կայանար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում:

Մենք ցանկանում ենք շարունակել աշխատանքն այդ առաջարկությունների վրա, որպեսզի շփման կետեր գտնենք նախագահների միջև և վերջապես հասնենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման։

Մենք ցանկանում ենք նախագահների նոր հանդիպում, սակայն դեռ հստակություն չկա ո՛չ ժամանակի, ո՛չ էլ հանդիպման վայրի հարցում: Որպես համանախագահներ՝ մենք կհանդիպենք արտգործնախարարների հետ՝ դնելու հաջորդ գագաթնաժողովի հիմքը:
Հուսով ենք երկու արտգործնախարարներին երկու շաբաթ անց տեսնել Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Կցանկանայինք հուսալ, որ այնտեղ տեղի կունենա նաև երկու նախագահների հանդիպումը»,- ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ հակամարտությունը ձգում է չափազանց երկար, չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել այս ընթացքում, այնինչ հակամարտությունը կարող է կարգավորվել։

«Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն, այն պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։ Բանակցությունները հաջողված են, երբ շահում են երկու կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները, ողջ տարածաշրջանն արժանի է ապրել խաղաղ և անվտանգ»,- ասել է Ուորլիքը։

Տեսանյութեր

Լրահոս