«Հայ կինոն այն բարի ու ներողամիտ դաշտն է մեզ համար, որտեղ կարող ենք սխալվել և շտկել մեզ». Հովհաննես Բաբախանյան
168.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Բաբախանյանը, ով կնոջ՝ դերասանուհի Մարի Մսրյանի և զավակների հետ երկար տարիներ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում դերասանը պատմեց իր ստեղծագործական նորությունների ու հետագա ծրագրերի մասին:
– Կցանկանայի` անդրադառնաք Ձեր վերջին մոնոներկայացմանը՝ «Ես և ես»-ին: Ի՞նչ եք կարծում՝ ձեր արվեստն ու արվեստի տեսակն ընդունե՞լ է ԱՄՆ-ի քմահաճ հասարակությունը:
– Փառք Աստծո, Կալիֆոռնիայում ներկայացումը միանշանակ ընդունվեց: Վստահ եմ, որ նյույորքյան հանդիսատեսի կողմից էլ այն կընդունվի, որովհետև այն մարդու մասին է առհասարակ: Դեռ պրեմիերայից սկսած, որին ներկա էին ավելի քան 300 թատերական և կինոգործիչներ, արդեն իսկ ներկայացումն արժանացավ բարձր ընդունելության և գնահատվեց հայ և ամերիկյան շրջանակների կողմից:
– «Ես և ես» մենաներկայացումը» խաղալու եք սեպտեմբերի 10-ին Լոս Անջելեսի Holywood Magic Theatre-ում, այնուհետև՝ նաև Նյու Յորքում: Ինչի՞ կամ ո՞ւմ մասին է այդ ներկայացումը:
– Մարդու, որը հասել է խելագարության եզրին, ահա թե ինչի մասին է ներկայացումը: Այն կոչվում է «Ես և ես», որովհետև իմ տարբեր կերպարների միաձուլումն է, իմ տարբեր «Ես»-երը:
– Ներկայացման մեջ ձեր հերոսը նաև երգում է, անգլերենով երգերի ընտրությունն արդյոք ամերիկյան հանդիսատեսին գրավելու փո՞րձ է:
– Երգն առհասարակ խոսքի և տրամադրության առավել բարձր լարումից է ծնվում: Այն չի կարող ինքնանպատակ լինել, այսինքն՝ «Երգել երգած լինելու համար»: Երգերն այս դեպքում ավելի են ընդգծում հերոսի հոգեվիճակը:
– Հոկտեմբերին Նյու Յորքում անցկացվելու է մենաներկայացումների խոշոր փառատոն, որին մասնակցելու եք նաև դուք: Կմանրամասնե՞ք՝ ինչ փառատոն է:
– Սա իսկապես աշխարհի ամենամեծ մենաներկայացումների փառատոնն է: Հայտը ներկայացնելուց մի քանի ամիս հետո ստացա մասնակցության առաջարկ, և ստորագրվեց երկկողմ պայմանագիր: Նախագծի ստեղծման օրվանից մինչ օրս կողքիս են ընտանիքիս անդամներն ու ընկերներս: Հրաշք ընկերներ ունենալն է նաև հաջողության հասնելու ճանապարհը, քանի որ ամեն ինչ Աստծուց է:
– Հնարավո՞ր է, որ ձեր ներկայացմամբ մի օր հանդես գաք նաև Հայաստանում:
– Իհա՛րկե հնարավոր է: Պարզապես կազմակերպչական հարց է, պետք է նախապես ճշտվեն ժամկետները:
– ԱՄՆ-ում նկարահանվել եք ամերիկյան մի քանի ֆիլմում: Ի՞նչ որակներ կամ հմտություններ է հարկավոր դերասանին՝ հայկական կինոարտադրությունից դուրս գալու և ամերիկյան կինոաշխարհ մուտք գործելու համար:
– Այս ընթացքում նկարահանվել եմ 19 ֆիլմերում, նաև գովազդային հոլովակներում, ներգրավված եմ եղել ամերիկյան 3 ներկայացումներում: Կարծում եմ՝ հայ դերասանն ամենևին էլ կարիք չունի հայ կինոյից դուրս գալու, որովհետև հայ կինոն այն բարի ու ներողամիտ դաշտն է մեզ համար, որտեղ մենք կարող ենք սխալվել և շտկել մեզ: Իսկ դժվարություններն ամենուր են, պարզապես պետք է շատ սիրես աշխատանքդ և աշխատես քեզ վրա, փորձես ինքնակատարելագործվել, անել ավելին, քան երբևէ:
– Լեզվական խնդիրներն արդյո՞ք արդեն հաղթահարել եք:
– Առհասարակ լեզուն մշտական կատարելագործում է պահանջում, հատկապես՝ բեմական լեզուն, այսինքն` խոսքը: Ներկայացումն անգլերենով է և, բնականաբար, ճիշտ է հնչում հենց այս կերպ: Նախագծեր կան, որոնք օգնում են նաև կատարելագործել անգլերեն խոսքդ:
– Հետևո՞ւմ եք հայաստանյան թատերական կյանքին: Հեռվից ինչպե՞ս է ձեզ ներկայանում թատերական աշխարհը:
– Իհարկե, հետևում եմ և ուրախ եմ, որ թատերական կյանքն ակտիվ է և բուռն: «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Արմմոնո», «Ոսկե Ծիրան», պատվավոր հյուրեր, պետական մրցանակներ, կոչումներ, պրեմիերաներ… Շարքը կարելի է անվերջ շարունակել, քանի որ այս ամենն անհրաժեշտ է ոչ միայն իմ կոլեգաներին, այլև բոլորիս` մշակութային կյանքն առավել ակտիվացնելու համար, քանզի հոգևոր սնունդն անհրաժեշտություն է, որն անփոխարինելի է: