Բաժիններ՝

«Օլդ բենդ» էթնիկ խումբն իր նոր համերգին կներկայացնի հայկական երգեր` նորովի մատուցմամբ

Սեպտեմբերի 20-ին «Օլդ բենդ» էթնիկ խումբը Տիկնիկային թատրոնում հանդես կգա համերգով, որը խմբի գրեթե մեկտարյա գործունեության ամփոփումն է: Ներկայումս խումբը բաղկացած է 4 անդամից՝ Ալեքսանդր Իրադյան (կոմպոզիտոր), Լիլիթ Հարությունյան (երաժշտագետ), Անուշիկ Հարությունյան (հոգեբան), Արամ Հարությունյան (սաքսոֆոնիստ): Թե ինչ կատարումներով հանդես կգա խումբը և ինչ գործունեություն է ծավալում, 168.am-ի հետ զրույցում պատմեց երաժշտագետ, «Օլդ բենդի» հիմնադիր անդամ, վոկալիստ Լիլիթ Հարությունյանը:

– Երգը խմբի անդամների համար հոբբի՞ է, թե՞ կենսակերպ: Ինչպե՞ս ծնվեց հայկական երգերը նորովի մատուցելու գաղափարը:

– Լավ հարցադրում էր: Այս դեպքում կարելի է պատասխանել, որ և՛ հոբբի է, և՛ կենսակերպ: Երգը մեզ համար, իրոք, կենսակերպ է: Մենք բոլորս երգում ենք, կարելի է ասել՝ ծնված օրվանից: Երգը, երաժշտությունը՝ իր բոլոր դրսևորումներով, մեզ շրջապատում է ողջ կյանքի ընթացքում: Հայկական երգերը նորովի մատուցելու միտքը ծնվել է նույնպես շատ բնական ու տրամաբանորեն: Այդ փորձը տեսել ենք մեր ընտանիքի ավագ սերնդի մոտ: Մոտ 2 տարի առաջ որոշեցինք նոր շունչ տալ մեր լսածին ու սովորածին ու հասկացանք, որ պիտի մեր ինքնուրույնն ունենանք:

Old band

Կարդացեք նաև

– Որքան գիտեմ, ձեզանից երեքն ազգականներ են: Արդյո՞ք դա այսպես է:

– Ես ու Արամը քույր և եղբայր ենք, իսկ Անուշիկ Հարությունյանը մեր հորեղբոր աղջիկն է։ Մեզ, բացի ազգակցական ու ընկերական կապից, միավորում է մեր էությունների նմանությունը՝ երաժշտական առումով: Յուրաքանչյուրս, բացի երգից, ունի իր մասնագիտությունը:

– Լիլիթ, ի՞նչ պայմաններում ստեղծվեց խումբը: Ո՞ւմ մտահղացումն էր, և ինչո՞ւ խումբը կոչվեց «Օլդ բենդ» (Old band):

– Խումբ ստեղծելու գաղափար, որպես այդպիսին, չի եղել: Ամեն ինչ շատ հանկարծակի ստացվեց: Մոտ 3 տարի առաջ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրենը՝ տիկին Նարինե Մալյանը, Անուշիկին առաջարկեց «Շաբաթ իրիկուն» նախագծի շրջանակներում 30 րոպե ակապելլա համերգ տալ: Ինձ ու եղբորս՝ Արամ Հարությունյանին, առաջարկեց ավելի հետաքրքիր բան մտածել: Գաղափարի մասին իմացավ նաև վաղեմի ընկեր Ալեքսանդր Իրադյանը և միացավ մեզ: Մեր ընկերներից միացան նաև Վահագն Ամիրխանյանը (կիթառ), Գրիգոր Քարտաշյանը (բլուլ) և Սամվել Թադևոսյանը (դերասան, ռեժիսոր):

Համերգից անմիջապես հետո նոր համերգի և ելույթների առաջարկներ ստացանք: Պետք էր խմբի համար անուն մտածել: Արամն առաջարկեց խումբն անվանել «Օլդ բենդ», քանի որ միմյանց վաղուց գիտենք: Այլ տարբերակ չենք քննարկել, միաձայն համաձայնել ենք:

– Դուք, բացի երաժշտությունը կատարելուց, նաև բեմականացնում եք ձեր համերգները: Ի՞նչ դեր է խաղում բեմականացումը՝ ձեր երգերը մատուցելիս:

– Բեմականացնելը փոքր-ինչ պայմանական ձևակերպում է: Մեր առաջին համերգների ժամանակ մեր շատ սիրելի ընկեր, դերասան Սամվել Թադևոսյանն առաջարկեց յուրաքանչյուր երգ հարստացնել իրեն հատուկ վիզուալ էֆեկտներով, լուսային ու գունային ուղեկցությամբ: Դա բավական տարածված պրակտիկա է ողջ աշխարհում: Վիզուալ ուղեկցությունը միտված է առավել արտահայտիչ դարձնել երգը, դրա բովանդակությունը, ուշադրություն սևեռել այս կամ այն հատվածին:

Old band1

– Արդյո՞ք մտավախություն չկար, որ հանդիսատեսը չի ընդունի ձեր երգերը, որոնք հայկական հին երգեր են, բայց նորովի եք մատուցում:

– Եթե անկեղծ լինեմ, ապա` ոչ: Մտավախություն, եթե կարելի է այդպես ասել, կար միայն ունկնդրի քանակի մեջ՝ որքան լայն կդառնա մեր լսարանը: Այս ինքնավստահությունը լուրջ հիմքեր ունի: Մենք միավորում ենք երաժշտության լիարժեք ճյուղերը՝ ֆոլք երաժշտությունը, որի կրողն ենք, ժամանակակից դասական երաժշտական լեզվի վերջին ձեռքբերումները, որոնց մշակումները բարձրացնում են մեկ այլ գեղարվեստական մակարդակի, ջազային երաժշտության ռիթմերը, տրամադրությունն ու «դրայվը», որոնք մեր արվեստը սիրելի են դարձնում հասարակության տարբեր շերտերի համար:

– Ի՞նչ երաժշտություն է մատուցում խումբը, և ըստ ձեզ՝ ովքե՞ր են ձեր երաժշտությունը նախընտրում լսել:

Old band3

– Մեր մատուցած երաժշտությունը կարելի է բնութագրել «Վոկալ Ֆոլք Ֆյուժըն» (Vocal Folk Fusion) ժանրային ձևակերպմամբ։ Մեր երաժշտությամբ հետաքրքրվում են գրեթե բոլոր մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ լսել են մեզ: Մեզ լսում են և՛ մեծահասակները, և՛ երիտասարդները, և՛ երեխաները: Առաջին համերգի ժամանակ դահլիճում մոտ 10 մանկահասակ երեխա կար, որոնց լացի ձայնը կուլիսից էինք լսում և շատ անհանգիստ էինք, թե ինչպես ենք երգելու նման պայմաններում: Համերգի առաջին րոպեից սկսած քար լռություն էր: Երեխաները մեզ շատ էին սիրել:

– Երգերի ընտրությունն ինչպե՞ս է կատարվում: Ո՞ր երաժիշտների կամ կոմպոզիտորների հետ եք համագործակցում:

– Երգերի ընտրությունը կատարվում է այնպես, ինչպես բոլոր ընտանիքներում: Աղջիկներն առաջարկում են երգերը, տղաները՝ լուռ համաձայնում: Մշակումներով զբաղվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը: Մենք մեծ հաջողություն ենք համարում, որ նա մեր խմբի հիմնադիր անդամներից է: Երբ նոր էինք սկսում մեր գործունեությունը, մեծապես ոգևորված էինք մաեստրո Ռոբերտ Մլքեյանի՝ ժողովրդական երգերի մշակումներով: Դրանք մինչև հիմա էլ կազմում են մեր երգացանկի մի մասը:

– Լիլիթ, Facebook-ում խմբի էջում գրել էիք, որ այս ամիս կայանալու է այս տարվա մեջ ձեր միակ համերգը: Ի՞նչ երգեր եք մատուցելու սեպտեմբերի 20-ին կայանալիք համերգի ժամանակ:

– Ալեքսանդր Իրադյանը, բացի նրանից, որ «Օլդ բենդի» հիմնադիր անդամներից է, շատ տաղանդավոր և հեռանկարային կոմպոզիտոր է: Վերջին մի քանի տարիներն նա ապրում և սովորում էր Բրյուսելում, հիմա տեղափոխվում է Գերմանիա: Տարին մեկ անգամ Ալեքսանդրը գալիս է Երևան, և մենք շատ կարճ ժամանակում հասցնում ենք պատրաստվել և ուրախացնել մեր հանդիսատեսին: Նրա բացակայության ժամանակ 3 Հարությունյաններով հազվադեպ ենք ելույթների գնում, բայց համերգներ չենք ունենում, այսինքն՝ «Օլդ բենդը», որպես այդպիսին, ակտիվ է տարին մեկ: Երգացանկն աշխատում ենք ամեն տարի թարմացնել մեկ կամ երկու իրադյանական կամ մլքեյանական մշակումով: Ունենք նոր մշակում՝ «Լորիկը»:

Նաև կան գործեր, որ անցյալ տարի ենք միայն երգել, և շատերի համար այդ գործերն էլ են նոր լինելու, քանի որ ոչ մի ձևաչափով հասանելի չեն համացանցում, թերևս, միայն «Աշխարհումս ախ չիմ քաշի»-ից և «Բինգյոլ»-ից փոքր հատված՝ Ռ. Մլքեյանի մշակմամբ, որոնց դիտումների քանակն անցել է 30000-ից և տեղադրված է մեր ֆեյսբուքյան էջում:

https://www.youtube.com/watch?v=Hlc2ObaRDs0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս