ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի հետ երկարաժամկետ պլաններ ունի՞

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ Կարեն Կարապետյանը կարող է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: «Ոչինչ բացառված չէ, դա կախված է նրա աշխատանքից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը ՀՀ քաղաքացի չէ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նա իր բոլոր տեղաշարժերը կատարել է Հայաստանի Հանրապետության անձնագրով, Հայաստանի Հանրապետությունից երկար ժամանակով չի բացակայել»:

Հարցին՝ ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի հետ երկարաժամկետ պլաննե՞ր ունի, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե ինչպես նա կաշխատի: Իսկ ո՞վ է ասել, որ մենք ներկայիս կառավարության հետ երկարաժամկետ ծրագրեր չենք ունեցել: Ես չեմ ցանկանում նախօրոք գնահատականներ տալ: Կաշխատի 6 ամիս, 1 տարի, գնահատականները կտանք: Եթե արդյունքները գոհացնող լինեն, մենք ինքներս կխնդրենք, որպեսզի շարունակենք միասին աշխատել»:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության մասին լուրերին՝ ընդգծելով, որ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ընթացքում վարչապետի փոփոխությունից բացի կադրային որևէ հարց չի քննարկվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս