Բաժիններ՝

46 միլիոն բրիտանացիներ դատի են տվել MasterCard-ին

Մեծ Բրիտանիայի մոտ 46 միլիոն բնակիչներ կարող են փոխհատուցում ակնկալել MasterCard-ից՝ այս ընկերության նկատմամբ հարուցված դատական գործի արդյունքում։ Այս մասին գրում է Reuters-ը։

Կոլեկտիվ հայցի ընդհանուր գումարը կազմում է 14 մլրդ ֆունտ ստերլինգ (18.7 մլրդ դոլար)։ Այսինքն, յուրաքանչյուր հայցվոր կարող է ստանալ 300 ֆունտ։

Սա բրիտանական պատմության մեջ ամենախոշոր հայցն է, որը նախաձեռնել է երկրի գլխավոր ֆինանսական օմբուդսմեն Ուոլթեր Մերրիքսը (Walter Merrics)։ Մեծ Բրիտանիայի բնակիչներին կարող են միանալ նաև այն մարդիկ, ովքեր 1992-2008 թվականներին ապրել են այս երկրում։

Հայցը վերաբերում է 1992-2008 ժամանակահատվածում տրված դեբիտային և կրեդիտային քարտերի կոմիսիոն վճարներին։ Հայցվորները գտնում են, որ այդ Եվրամիության տարածքում անդրսահմանային փոխանցումների սակագները չհիմնավորված բարձր են եղել։ MasterCard-ը գտնում է, որ օրենք չի խախտել։

Մեծ Բրիտանիայի բոլոր սպառողների անունից ներկայացվող կոլեկտիվ այս հայցը առաջինն է Consumer Rights Act 2015 օրենքի շրջանակներում։ Օրենքի համաձայն, հայցը կարող է ներկայացվել վնասներ կրած մարդկանց խմբի անունից։

Reuters-ը նշում է, որ MasterCard-ը Մեծ Բրիտանիայի խոշորագույն վճարային համակարգերից մեկն է, որի գործառնությունների տարեկան ծավալը երկրում գերազանցում է 22 մլրդ ֆունտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս