Վճռորոշ փուլ ենք մտնում. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
ՀՀԿ խորհրդի նիստում

2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցա­ռում՝ պայմանա­վորված ա­ռա­ջին հերթին քա­ղաքական իրավիճակով և անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջև ծա­ռացած հիմնարար խնդիրների հրա­մայականով:

Սահմանադրական քարոզարշավի ըն­թացքում բերված մեր փաս­տարկները, թվե­րը, որոնք ակն­հայտորեն ցույց էին տալիս խորհրդարանա­կան կառավար­ման համա­կար­գի առավելությունները թե՛ երկրի կայու­նության, թե՛ տնտե­սական զարգացման և թե՛ քաղաքական համակարգի հու­սա­լիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քա­րոզ­չական հնարքներ:

Իսկապես, իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմա­նա­փակ­վեինք բարե­փոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում:

Այս տարվա փետրվարի 12-ին ես խոսեցի սահ­մանադրական բարեփո­խումների կեն­սա­գործման, հետևաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ:

Տնտեսական բարեփոխումները նախըն­թաց տարի­ներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփո­խում­ները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտե­սական բարե­փոխումները առավել նպաստավոր պայմաններ կստ­եղծեն քա­ղա­քական բա­րեփոխումների համար: Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քա­ղաքական բարե­փոխումների՝ տնտեսական բարեփոխում­ների արդյունք­ները միշտ էլ մեզ չեն բավարարելու: Այսօր արդեն բոլորն են տեսնում քաղաքական բարե­փոխումների անհրաժեշտությունը:

Քաղաքական բարեփոխումները ենթադ­րում են նախևառաջ քաղա­քական մշակույթ: Քաղաքական բանավեճերի ու երկրի առջև ծառացած խնդիրների լուծման նոր եղանակներ, ուժի դիրքերից քաղա­քական ընդդի­մախոսների հետ խոսելու բացառում, քա­ղաքական համակարգում նպատա­կասլաց ու գաղա­փարներով լի մարդկանց ազատ մուտք, խորհրդարանը երկրի թիվ մեկ ամբիոնի վերածում, երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ երկրի բոլոր կարող ուժերի մտքերն ու գաղա­փարները մեկտեղելու հնա­րավորություն՝ անկախ քաղաքական դիրքավորումից և այլն: Քաղա­քա­կան բարեփոխումներն ինք­նանպա­տակ չեն, դրանք այս կամ այն մի­ջազ­գային կազ­մակերպության հորդորով, առավել ևս՝ պահանջով, արված քայլեր չեն. դրանք լավ հայրենիք ունենալու, անվտանգ հայրենիք ունենալու, սե­փական հողի վրա հազարամյակներ ապրելու ու արարելու նպատակով ար­ված բարեփոխումներ են:

Կրկնում եմ՝ այս ամենի հիմքը նոր ընդունված Սահմանադրության մեջ են:

Սահմանադրական բարեփոխումներին հաջոր­դեցին բավականին բարդ, աշխա­տատար, պրոֆեսիո­նալ լուծումներ պահան­ջող նախապատ­րաս­տա­կան աշխատանք­ներ, որոնց մեծ մասը չի եղել հրապա­րակային: Վերջին օրինակը ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության և քաղա­քացիական հասա­րակության ներկայացուցիչների հետ այն աննա­խադեպ համագործակցությունն էր, որ ընթանում էր վերջին ամիսներին, և հույս ունենք, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում այն բարեհաջող ավարտ կունենա: Նախա­պատ­րաստական աշխա­տանքները, ցավոք սրտի, դանդաղեցին, կամ այսպես ասած՝ երկրորդ պլան մղվեցին ապրիլյան պատե­րազմից հետո: Պատե­րազմի դասերը, ինչպես միշտ, մենք սերտում ենք. շարու­նակվում են էական աշխատանքներ տարվել, դրանք շարունակվելու են անկախ որևէ այլ գործընթացներից: Մեզ մեր ծրագ­րած ընթացքից հետ գցեցին նաև, իհարկե, վերջին դեպքերը, բայց հիմա այլևս հապա­ղելու ժամանակ մենք չունենք:

Հարգելի՛ կուսակից ընկերներ, հարգելի՛ ընկերներ, կրկնում եմ` մենք դանդաղելու իրա­վունք չունենք և ոչ էլ ժամանակ:

Վստահ եմ, որ ներկաներից յուրաքանչյուրի համար մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների արագ լուծումը շատ ավելի կարևոր է ու առաջ­նային, քան թե այն դիրքը, պաշտոնը, որ մեզնից յուրա­քանչյուրը զբաղեց­նում է կամ կարող է զբաղեցնել պետական համակարգում:

Մեր կուսակցությունը բազմաշերտ է, այստեղ ներկայացված են հա­սա­րակության բոլոր շերտերը: Մենք ապա­ցուցել ենք, որ ունենք անհրաժեշտ ներուժ պատմանականորեն առաջացած ցանկացած խնդրի լուծման հա­մար: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահ­մանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում և մեր առջև դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձ­նելու այդ բարդ ու պատաս­խանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայ­րում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն:

Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում: Խոսքս առաջին հերթին իրականացվող քաղաքականությանն է վերաբերում, դրա առաջնահերթություններին, ձեռագրին, նպատա­կադրումներին` նաև նորացված Սահմանադրության պահանջներին համապա­տաս­խանեց­ման առումով: Որպես հետևանք՝ անշուշտ կլինեն և կադրային փո­փոխություններ: Փոփոխություններ կլինեն կառա­վարման համակարգի գրե­թե բոլոր ոլորտներում` սկսած Նախագահի աշխատակազմից մինչև դատա­իրավական համակարգ: Այսօր, սակայն, մենք կխո­սենք կառա­վարության մասին:

Դուք գիտեք, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել վար­չապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտո­նում Կարեն Վիլենի Կարապետ­յանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետ­յանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադ­րությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի :

Ակնհայտ է, որ նոր կառավարությունը նորացված Սահմանադրության պայմաններում պետք է աշխատի լիովին այլ փիլիսոփայությամբ: Նա չպետք է վարանի պատասխանատվություն կրելուց, չփորձի իրենից դուրս գտնել մեղավորներ, բաց լինի քննադատության ու հա­մագործակցության համար, բայց և՝ հաստա­տակամ իր նպատակներում:

Օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխա­նությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշ­խա­վորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիր­քերը տարածաշրջանում:

Նորացված Սահմանադրության հիմքում ընկած է երկրի ողջ ներուժի արդ­յու­նավետ օգտագործումը, հասարակության լայն շերտերի ներգրավ­ման ինստի­տուցիոնալ երաշխիքների ապահովումը բոլոր բնագա­վառներում: Առանց բաց կառավարման, հասարա­կական լայն վստա­հություն ապահովելը անհնարին է, և այդ պատճառով էլ անհնարին է երկրի որակական նոր զարգացումը: Նոր կա­ռա­վարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրա­պարակային գործընթացների արդյունքում տնտե­սական այնպիսի բարե­փոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակ­ցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտես­վարող սուբյեկտի հնարավո­րություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը:

Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառա­վարու­թյունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազա­տություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պա­տաս­խանատվություն: Կարևորը տեմպն է, արագությունը և արդյունա­վե­տությունը: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել վարչապետ Հովիկ Աբրա­համյանին այս պատասխա­նատու ժամանակահատվածում Հայաս­տանի կա­ռավա­րությունը ղեկավարելու համար: Նոր քաղա­քական մշակույ­թի հա­մար առանցքային է պաշտո­նատար անձի կողմից պաշտոնից չկառչելու առաքի­նությունը, եթե այդ պաշտոնում դու արել ես առավե­լագույնը:

Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրա­համյանի քայլը, ում գլխավորությամբ կառա­վարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բա­ցասականազդեցությունների հնարավոր հետևանք հանդի­սացող ցնցումներից, իրականացվող քաղաքա­կանու­թյան արդյուն­քում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտա­պես արձանագրելով, որ Հայաս­տա­նին անհրա­ժեշտ է ավելի բարձր և կայուն, եր­կա­րաժամկետ աճ: Վար­չապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառա­վարությունն արեց հնարավորը երկիրը փո­փոխու­թյունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնոր­հակալ եմ, պարոն Աբրահամյան:

Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մաս­նակ­­ցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր հա­մատեղ աշխա­տանքը շարունակվելու է, անշուշտ:

Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառա­վարության ղեկն ստանձնելու կապակցությամբ: Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռ­նությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս:

Տեսանյութեր

Լրահոս