Բաժիններ՝

Ի՞նչ են մտածում արվեստագետները ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի մասին

Այսօր կառավարության նիստի ավարտին ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ միաժամանակ ամփոփելով 2014թ. մայիսին ԱԺ-ում կառավարության ծրագիրն ու մինչև օրս կատարված աշխատանքները:

Մինչ տասնօրյա ժամկետում ազգաբնակչությունը կտեղեկանա, թե ո՞վ է լինելու հանրապետության հաջորդ վարչապետը, և ովքե՞ր պորտֆելներ կստանան այդ նոր կառավարությունում, 168.am-ը հեռախոսազրույցներ ունեցավ մի քանի արվեստագետների հետ՝ ցանկանալով պարզել՝ ի՞նչ են նրանք մտածում վարչապետի հրաժարականի մասին և ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր կառավարության կազմից: Մեր զանգերին ի պատասխան՝ գրանցել ենք հետևյալ պատկերը:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն այնքան էլ լավատես չէր սպասվող փոփոխությունների առիթով: Թեև 168.am-ի լրագրողի հարցերին ի պատասխան՝ մանրամասնեց իր դիրքորոշումը, բայց նախընտրեց չհրապարակել այն: Սա, թերևս, վերջինիս քաղաքացիական իրավունքն է, և մենք պահելով մեր խոստումը՝ չենք հրապարակի այն:

Դերասան Հրանտ Թոխատյանի հետ մեր զրույցն ակամայից ավելի շատ արվեստի մասին ստացվեց, թեև օրակարգում քաղաքական հարց էր՝ վարչապետի և կառավարության հրաժարականը: Հ. Թոխատյանը պարզապես հրաժարվեց խոսել քաղաքական թեմաներով, փոխարենը՝ մենք առիթ ունեցանք պայմանավորվելու և ամենամոտ ապագայում զրուցելու նրա նոր՝  «MEA CULPA» ներկայացման մասին: Այնպես որ, պարոն Թոխատյանի հետ հարցազրույցը՝ շուտով:

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի համար, պարզվում է, մեր զանգն անժամանակ էր: Ռեժիսորը նկարահանման հրապարակում էր ու անտեղյակ էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն անցյալում է, իսկ կառավարության կազմը՝ լուծարված: Նա խոստացավ զրուցել մեզ հետ մի քանի օր անց, երբ պարզ կլինի, թե ով է լինելու նոր վարչապետը, ու ինչպիսի կազմ է ունենալու նոր կառավարությունը:

Թերևս, ամենաանսպասելի պատասխանը 168.am-ը ստացավ երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանից: Պարզվում է, տիկին Պետրոսյանը ևս մեզանից էր տեղեկանում երկրում տեղի ունեցած քաղաքական այս զարգացումների մասին:

Շուշան Պետրոսյանը մեզ հետ խոսում էր Գեղարդավանի բակից, քրոջ հարսանյաց հանդեսի արարողությունից: Ինչևիցե, 168.am-ը երջանկություն է մաղթում նորապսակ զույգերին, ովքեր իրենց հարսանյաց հանդեսի համար համարյա պատմական օր են ընտրել՝ երբ ՀՀ 13-րդ վարչապետը հրաժեշտ է տալիս կառավարությանն ու զբաղեցրած պաշտոնին:

Երկրում տեղի ունեցող քաղաքական այս զարգացումը 168.am-ի հետ մանրամասնեց, թերևս, միայն Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ում համոզմամբ՝ անձերի փոփոխության մեջ չէ Հայաստանի Հանրապետության խնդիրների լուծումը:

Այնուամենայնիվ, այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Հասարակության բևեռացումն ու տարբեր խնդիրների անլուծելիությունը, այնուամենայնիվ, պատճառ են հանդիսացել, որ նա հրաժարական ներկայացնի, իսկ արդեն այսօր ՀՀ նախագահի կողմից ՀՀԿ խորհրդի նիստում կներկայացվի նոր վարչապետի թեկնածուն: Իսկ նոր թեկնածուն, ինչպես արդեն օրեր շարունակ գրում են ԶԼՄ-ները, և ըստ դաշնակցական գործիչ, բանաստեղծ Աղվան Վարդանյանի՝ 99,9 տոկոսով՝ «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն,  Երևանի նախկին քաղաքապետ, ռուսաստանյան «Գազպրոմբանկի» փոխտնօրեն  Կարեն Կարապետյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս