«Վրաստանին և ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ». Ուսուպաշվիլի
Վրաստանը կփորձի հասնել լուրջ առաջընթացի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ երկկողմ հարաբերություններում, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ես ուղիղ և պարզ ասացի գլխավոր քարտուղարին, որ և´ Վրաստանին, և´ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են որոշակի ստեղծագործական և նորարարական մոտեցումներ հայտնի խնդիրների նկատմամբ, քանի որ իրավիճակն այնպիսին է, որ սովորական ճանապարհով և գործընթացի շարունակման միջոցով հնարավոր չէ: Ես ասացի, որ ՆԱՏՕ-ին ինտեգրման պլանում Վրաստանը կփորձի հասնել լուրջ առաջընթացի երկկողմ հարաբերություններում»,- ասել է Ուսուպաշվիլին լրագրողներին Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսի էր ժամանել նախօրեին` ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի անցկացման համար:
Այսօր Ստոլտենբերգը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ, այնուհետև խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Նրա խոսքով` Ստոլտենբերգն ու դաշինքի մյուս անդամներն ընդգծել են ու ողջունել այն բարեփոխումներն ու քայլերը, որոնք ձեռնարկվել են, սակայն նշել են նաև, որ «դեռ շատ բան կա անելու»: