Բաժիններ՝

Ժոզե Մոուրինյոն մանչեսթերյան դերբիից հետո Գվարդիոլային կհրավիրի գինի խմելու

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է պահպանել ավանդույթը և «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ դերբիից հետո մրցակից ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել մի գավաթ գինի խմելու: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբեր ականը:

Միևնույն ժամանակ, պարբերականը հիշեցնում է, որ Ժոզե Մոուրինյոյի և Խոսեպ Գվարդիոլայի հարաբերությունները լարված են դեռևս այն ժամանակներից, երբ Մոուրինյոն գլխավորում էր իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը, իսկ Գվարդիոլան՝ կատալոնական «Բարսելոնա»-ն:

Սակայն նշվում է, որ Մոուրինյոն որոշել է մի կողմ դնել Գվարդիոլայի հետ հարաբերություններում ունեցած լարվածությունը և, պահպանելով ձևավորված ավանդույթը, խաղից հետո նրան հրավիրել «Օլդ Թրաֆորդ»-ում մեկ գավաթ գինի խմելու:

Լոնդոնի «Չելսի»-ում առաջին անգամ աշխատելու տարիներից դեռ Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի օրինակով կարևոր հանդիպումներից հետո մրցակցի մարզչին հրավիրում է մեկ գավաթ գինի խմելու: Ֆերգյուսոնն ու Մոուրինյոն այդ ավանդույթի շրջանակում շատ են միասին գինի խմել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սակայն դեռևս հայտնի չէ՝ կմասնակցի Մխիթարյանն այդ խաղին, թե ոչ: Հայաստանի հավաքականի ավագը վնասվածք էր ստացել օգոստոսի 31-ին Չեխիայի դեմ ընկերական խաղի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս