«Հայաստանը չի պատրաստվում հանձնել նույնիսկ մի քանի բարձունք». Գրիգորի Տրոֆիմչուկ

«168 Ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը

– Պարոն Տրոֆիմչուկ, այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին հայտարարություններ իբրև թե հայկական սփյուռքի անունից ՀՀ-ում գործող ամերիկյան գործակալների մասին՝ հորդորներով ՀՀ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել այդ մարդկանց դեմ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան մուտքն արգելվեց ՌԴ մինչ 2030 թվականը։ Ինքը՝ Գրիգորյանը, սա բացատրում է քաղաքական դրդապատճառներով, քանի որ ակտիվորեն աշխատում է արևմտյան կազմակերպությունների հետ։ Այս ամենում Դուք Ռուսաստանի կողմից նոր քաղաքականություն տեսնո՞ւմ եք։ Կարծիքներ կան նաև, որ Գրիգորյանի դեպքը գուցեև կապ ունի Միրոնովի գործի հետ։ Ի՞նչ եք կարծում այս ամենի մասին։

– Գրիգորյանը նաև հիշեցրել էր, որ դիվանագիտական ոլորտում գոյություն ունի սիմետրիկ պատասխանի սկզբունք։ Այս պարագայում, ինչպես երևում է, հենց նրա նկատմամբ էլ կիրառվեց այդ սկզբունքը՝ որպես Երևանի օդանավակայանում ռուսաստանցի Միրոնովի ձերբակալությանը ոչ պաշտոնական պատասխան։ Սա ավելի քան պարզ է, հատկապես, երբ այդ երկու ակցիաները տեղի ունեցան, ըստ էության, իրար հետևից։

Ռուսաստանը, բնականաբար, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Ռուսաստանը ցույց տվեց ապագայի համար, որ նման սցենարները՝ ի դեպ, քաղաքական և ոչ տնտեսական կամ հումանիտար, և բոլորի համար պարզ է՝ նման բաներն անթույլատրելի են նույնիսկ ընկերների միջև։ Սակայն այս «սիմետրիայի» պայմաններում, ամեն դեպքում, մինչև վերջ պարզ չդարձավ գլխավոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք Միրոնովի ձերբակալությունը Վաշինգտոնի խնդրանքն էր, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչինչ չմեկնաբանեց։

Եթե նման կապ լիներ, ապա Գրիգորյանի՝ ՌԴ մուտքի արգելքն այդ ֆոնին շատ ավելի թեթև, աննշան պատասխան կդիտվեր։ Ինչ վերաբերում է «Երևանում ամերիկյան գործակալների գործունեությանը», ապա դա առանձին թեմա է, որը դանդաղ, բայց կայուն կերպով բարձրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Ի դեպ, արդեն կարևոր էլ չէ՝ ում օգնությամբ կամ ում փոխանցմամբ է դա կազմակերպվում։ Ռուսաստանին և ռուսներին տրամադրում են, իբրև թե Հայաստանը հակառուսական է դառնում։

Եվ սա արդեն այլ, շատ ավելի բարդ հարց է։ Բայց դիտարկել ՀՀ այս կամ այն կոնկրետ քաղաքացուն ամերիկամետ գործիչ (ինչպես նույն Գրիգորյանին) տարօրինակ կլիներ, քանի որ մենք բոլորս գիտենք, բարեբախտաբար թե ցավոք սրտի, վաղուց Խորհրդային Միությունում չենք ապրում, որտեղ նման հարցերն այլ կերպ էին ընկալում։ Վերադառնալով Գրիգորյանին, չեմ կարծում, որ իրականում նա չի կարողանալու մուտք գործել ՌԴ մինչ 2030 թվական։

– Ինքը՝ Ստեփան Գրիգորյանը ,նշել էր, որ սա ուղերձ է ոչ միայն՝ իրեն, այլև՝ ՀՀ իշխանություններին, հասարակությանը, քաղաքացիական հասարակությանը՝ Ռուսաստանի կողմից, ավելին, տեսակետներ կան, որ Ռուսաստանը որոշել է պայքարել Երևանում եվրոպական հավակնությունների դեմ արդեն հրապարակային կերպով։ Համամի՞տ եք։

– Կարծում եմ, որ իսկապես այս դեպքը նաև «մանկավարժական» նշանակություն ունի՝ որպես ուղերձ ապագայի համար, քանի որ Միրոնովի մասնավոր դեպքը գլխավոր խնդրի միայն մեկ մասն է, ինչպես արդեն ասացի, որը կայանում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման մեջ։

Բավական է ուսումնասիրել Ռուսաստանի տեղեկատվական դաշտը, որպեսզի պարզ դառնա նրա մտահոգվածությունը Հայաստանում նման ախտանշաններով, որոնք պայմանավորված են, այդ թվում, տարբեր ոչ կոմերցիոն, ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությամբ։

Ի դեպ, կարծում եմ, որ, եթե ռուսական կողմը մտադրություն ունի լրջորեն վերացնել միտումները, որոնք կապված են Հայաստանի հնարավոր «արևմտականացման» հետ, ապա այդ դեպքում պետք է այլ կերպ գործել. առաջին հերթին՝ գործընկեր երկրների բնակչության կյանքի մակարդակի բարձրացում պետք է ապահովել։ Ուղիղ ասեմ, բոլոր շաբլոն գործողություններն էլ ավելի են գրգռելու հայ հասարակության տրամադրությունները, այդ թվում՝ այնպիսի մարդկանց միջոցով, ինչպիսին Ստեփան Գրիգորյանն է, որոնք անձնական մոտիվ են ստանում, այսպես ասած, անձնուրաց պայքարի համար։

– Ինչպե՞ս եք գնահատում ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ռուս-թուրքական մերձեցումը, ապա՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան-Թուրքիա առանցքի ձևավորումը։ Այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։

– Ռուս-թուրքական երկխոսության վերակենդանացումը, ինչպես նաև այլ ակտիվ ընթացող պրոցեսները՝ նույն «Հյուսիս-Հարավ» պրոյեկտը, ազդում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ առկա մթնոլորտի վրա։ Սակայն չեմ կարող ասել, որ այս ողջ տնտեսական ակտիվությունը կհանգստացնի Հայաստանին, քանի որ տնտեսությունը երբեք ոչ մեկի չի շեղել գլխավորից՝ քաղաքականությունից և աշխարհաքաղաքականությունից։

Առավել ևս, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես ես եմ կարծում, ոչ տարածաշրջանային, ոչ էլ անգամ քաղաքական, այլ արդեն ուղիղ աշխարհաքաղաքական հակամարտություն է։ Թուրքիան նախկինի նման ձգտելու է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ հասկանում է, որ այսօր իր և իր ամենամտերիմ գործընկերոջ դիրքերը շատ ավելի ամուր են, քան նույնիսկ մեկ տարի առաջ։

Ադրբեջանը, փաստորեն, կարծում է, որ հաղթել է ապրիլյան պատերազմում, իսկ Թուրքիան կարծում է, որ ամրապնդվել է հուլիսի 15-ին նախաձեռնված զինված հեղաշրջման արդյունքում։ Այսինքն՝ Հայաստանի գլխավոր ընդդիմախոսների մոտ հետագա գործողությունների համար նոր էներգիա է առաջացել։

Հետաքրքիր ու վերջնականապես պարզ չէ այս ֆոնին Իրանի դիրքորոշումը, որը պատրաստ է Հայաստանի հետ զարգացնել երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը։ Ստացվում է այսպես, որ հենց Իրանն է դառնում նոր, հավելյալ հավասարակշռող ուժ, Հայաստանի անվտանգության երաշխավոր այս պատմական ժամանակահատվածում։ Ռուսաստանի հետ, որը, պետք է սա ընդգծել, որ չի հրաժարվել Երևանի նկատմամբ իր գործընկերային և դաշնակցային պարտավորություններից։

Ինչ վերաբերում է հենց Ղարաբաղին, ապա, ինչպես տեսնում ենք, բանակցային գործընթացի ակտիվությունը հետզհետե անկում է ապրում, ապրիլյան իրադարձությունները մնում են նոր, ընթացիկ խնդիրների ստվերում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Բաքուն ցանկացած պահի պատրաստ կլինի հարց բարձրացնել այն մասին՝ ինչ է կոնկրետ որոշվել ինտենսիվ և մի քանի ամիս շարունակվող բանակցությունների ընթացքում։ Ո՞ւմն է արդյունքում Ղարաբաղը։ Եթե Թուրքիան ակտիվ մոտենա ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ որպես մասնակից ու միջնորդ, ապա չեմ բացառում, որ հենց ԼՂՀ-ն կվերադառնա նույն բանակցային շրջանակ՝ հավասարակշռության համար։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն։ Հայաստանում դեռ չեն մարել խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանն ուներ կարգավորման ծրագիր, ինչը ենթադրում էր տարածքային զիջումներ, որը, ըստ խոսակցությունների, մերժվել է։ Ձեր կարծիքով՝ ինչ է ներկայումս կատարվում բանակցային գործընթացում , և բանակցություններում ինչպիսի՞ զարգացումը կկանխարգելի նոր պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը։

– Ռուսաստանը հայկական տարածքները հանձնելու որևէ ծրագիր չուներ այս կամ այն կտրվածքով։ Առավել ևս, չէր կարող լինել ոչ մի ճնշում Երևանի նկատմամբ այս ուղղությամբ։ Եթե նման ճնշում իրականում լիներ, ապա մենք կտեսնեինք իրական բողոքի ակցիաներ հայկական քաղաքների փողոցներում, այլ ոչ թե՝ ընդդիմության առանձին թույլ միջոցառումներ։

Այսպես կոչված՝ «ռուսական ծրագիրը» հատուկ, նպատակաուղղված տեղեկատվական լցոնում էր հայկական հասարակության համար, որպեսզի սրի տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել՝ որքան ասես, որպեսզի շարունակեն երկարաձգել բանակցային «հետապրիլյան» գործընթացը, այդ բանակցությունների արդյունավետությանը ոմանք դեռ հավատում են։ Ի դեպ, հենց Հայաստանին է ձեռնտու իրերի նման դասավորությունը։ Ուստի Երևանը կարող էր գտնել, մտածել հավելյալ բանակցային ձևաչափեր, որոնք իրենց նոր լինելու հաշվին կարող էին երկարացնել պաուզան։ Պատերազմն Ադրբեջանի տեսանկյունից կարող էր կանխվել միայն տարածքների վերադարձի գործընթացի մեկնարկով՝ փաթեթային կամ փուլային։ Հայաստանի տեսանկյունից դժվար է պատկերացնել իրավիճակ, որը կարող է կանխել նման պատերազմը, քանի որ Հայաստանը չի պատրաստվում հանձնել նույնիսկ մի քանի բարձունք. Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում կերկարաձգի գործընթացը, առանց առանցքային, հիմնական հարցի՝ Ղարաբաղի և Ղարաբաղին հարակից շրջանների հարցի լուծման, դա կլինի ժամանակի երկարաձգում։

Քաղաքական տեսության համաձայն՝ այս   պատերազմի կանխարգելման միակ իրատեսական տարբերակը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հուսալի միությունն է։ Բայց լիբերալ-առևտրային համակարգերի պայմաններում, որոնք գործում են և՛ այնտեղ, և՛ այնտեղ, և՛ այնտեղ, և որոնք գործում են հօգուտ սեփական հյուծման, դա անհնար է։ Բայց սա արդեն այլ թեմա է։ Բայց բոլորը, չգիտես ինչու, մոռացել են այն մասին, թե ինչ էր ասվել, առաջարկվել ՌԴ նախագահի կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմպրոմիսի մասին։ Այստեղ կարող են լինել տարբեր հետաքրքիր տարբերակներ, բայց նույնիսկ «կոմպրոմիս» բառը վերացել է քննարկումների դաշտից։

Տեսանյութեր

Լրահոս