ԵԱՏՄ-ում 2016-2017 թթ. գյուղատնտեսական արտադրությունը կավելանա 8 տոկոսով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սեպտեմբերի 6-ին հավանության է արժանացել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների, ինչպես նաեւ 2016-2017 թվականների համար գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակների գծով Եվրասիական տնտեսական միության երկրների պահանջարկի եւ առաջարկի հանրագումարային կանխատեսումների հարցը: Այս մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, կանխատեսումները քննարկվելու են Հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում:
Պատրաստված փաստաթղթի համաձայն՝ կանխատեսվող ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության աճը կկազմի 8 տոկոս, արտահանման աճը՝ 19 տոկոս, փոխադարձ առեւտրինը՝ 15 տոկոս: 2017 թվականին հիմնական պարենային ապրանքներով ինքնապահովման մակարդակի միջին ցուցանիշը կհասնի 94 տոկոսի:
Կոլեգիայի՝ ԵԱՏՀ-ի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի գծով անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին ընդգծել է, որ համատեղ կանխատեսումները թույլ են տալիս գնահատել գյուղատնտեսական արտադրության զարգացման դինամիկան եւ ուղղությունները, ճյուղերի ներդրումային գրավչությունը՝ Միության ընդհանուր շուկայի տարողության հաշվառմամբ, պարենային անվտանգության վիճակը, ագրոարդյունաբերական համալիրի ճյուղերի տնտեսական դրությունը:
Նախարարն ուշադրությունը բեւեռել է այն բանի վրա, որ «պահանջարկի եւ առաջարկի հանրագումարային կանխատեսումների ձեւավորումը թույլ է տալիս ապահովել գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ պարենամթերքի փոխկապվածությունը ազգային արտադրողների հնարավորությունների հետ, փոխադարձ առեւտրի հեռանկարները, գնահատել երրորդ երկրներից արտադրանքի ներմուծման տեսանկյունից:
Փաստաթղթում ներկայացված է ագրոարդյունաբերական համալիրի զարգացման արտադրական, տնտեսական, արտաքին առեւտրական եւ սոցիալական ասպեկտների վերլուծությունը: Մասնավորապես, դիտարկվում են Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի ընթացիկ իրադրությունը, համալիրի զարգացման կանխատեսումային ցուցանիշներն ամբողջ Միության եւ անդամ պետություններից յուրաքանչյուրի վերաբերյալ: Նաեւ ներկայացված են գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենամթերքի հիմնական տեսակների գծով կանխատեսումային հաշվեկշիռները եւ ագրոարդյունաբերական համալիրի հետագա զարգացման վերաբերյալ Հանձնաժողովի պատրաստած եզրակացություններն ու առաջարկությունները: