«Արտադրված է Հայաստանում-2016». Հայաստանի ու Արցախի արտադրանքը՝ մեկ հարթակում
Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանն ասաց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառմանն այս տարի մասնակցում է ավելի քան 320 ընկերություն Հայաստանից, Արցախից, որոնք իրենց արտադրանքը ներկայացնելու են տարբեր ոլորտներում՝ սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և այլն. «Ունենք նաև մեծ հետաքրքրություն արտերկրից։ Հայաստանի համար կարևորություն ունեցող տարբեր շուկաներից իրենց մասնակցությունը հաստատողներ են եղել։ Գործարարներ, դիստրիբյուտորներ են հաստատել իրենց մասնակցությունը կարևոր շուկաներից, որոնցից են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, արաբական երկրները։ Այս միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 20-ին նախատեսում ենք կազմակերպել նաև տնտեսական համաժողով, որի խորագիրն է՝ «Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկա», և որին մասնակցելու են ԵՏՄ երկրներից ու Իրանից, քննարկվելու են տնտեսական համագործակցության տարբեր եզրեր»։
Նրա խոսքով՝ համաժողովին նախատեսված է ներկայացնել մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր տարբեր ոլորտներում։ Ըստ նրա՝ «Արտադրված է Հայաստանում» միջոցառման գլխավոր նպատակն է՝ աջակցել տեղական արտադրողին, ստեղծել առիթներ դրսից եկած գործարարների հետ ծանոթանալու, իրենց արտադրանքը ներկայացնելու համար. «Սա նաև առիթ է, որ Հայաստանում արտադրությամբ զբաղվողներն իրար հետ համագործակցեն։ Հայաստանյան բոլոր մասնակիցների համար տաղավարներն անվճար են»։
Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանն էլ հավելեց, որ ցուցահանդեսի օրերին նախատեսվում է հայկական ընկերությունների և անհատ դիզայներների նորաձևության ցուցադրություն անցկացնել, «ԱրմԹաբ» ընկերությունն իր նոր կինոթատրոնում կանցկացնի կինոդիտումներ, առանձին ընկերություններ կներկայացնեն իրենց նոր արտադրանքը. «Ցուցահանդեսին մասնակցության հայտ ներկայացրած ոչ մի արտադրող չի մերժվել։ Մենք ընկերություններին առաջարկել են 6 և 12 քմ տարածքներ, բայց եղել են ընկերություններ, որ ավելի մեծ տարածք են ուզել, ու չենք մերժել։ Փորձել ենք հնարավորինս բավարարել ընկերությունների պահանջները։ Մարդիկ, ովքեր մասնակցելու են տարբեր երկրներից, գալիս են հայկական արտադրանքը տեսնելու և իրենց երկրներ ներմուծելու համար»։