Կորեայի կառավարությունը ճշտել է կաշառք հասկացությունը

Կորեայի Հանրապետության կառավարությունն ընդունել է օրենք, որը ճշտում է կաշառք հասկացությունը: Փաստաթղթի տակ ստորագրել Է վարչապետ Հվան Գյո Անը նախարարների կաբինետի նիստում:

Նոր օրենքին համապատասխան՝ պետական ծառայողներին, լրագրողներին եւ դպրոցների ուսուցիչներին արգելվում է ընդունել նվերներ, որոնց արժեքը գերազանցում է 50 հազար վոնը (շուրջ 45 դոլար), ավելի քան 30 հազար վոն (27 դոլար) գումարի հյուրասիրություններ ռեստորաններում եւ սգո կամ տոնական միջոցառումների կապակցությամբ փող 100 հազար վոնից (90 դոլար) ավելի չափով:

Սահմանվում է նաեւ դասախոսական գործունեության դիմաց առավելագույն վարձատրությունը կառավարական պաշտոնյաների համար: Այժմ դասախոսությամբ ելույթի համար կարելի է ստանալ ժամում առավելագույնը 500 հազար վոն (450 դոլար):

«Օրենքը թույլ կտա ավելի արդարացի եւ թափանցիկ հասարակություն կառուցել Կորեայի Հանրապետությունում»,- փաստաղթղթի ստորագրման ժամանակ նշել է Հվան Գյո Անը:

Նա նաեւ հայտնել է, որ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի նվազագույնի հասցնի օրենքից վնասը տեղացի ձեռնարկատերերի, առաջին հերթին գյուղատնտեսական ընկերությունների համար: Հարավային Կորեայում գոյություն ունի տարբեր հանդիսությունների եւ տոների ժամանակ թանկարժեք սննդամթերք նվիրելու ավանդույթ, ինչպիսիք են բարձրորակ բրինձը, մարմարանման միսը, բացառիկ թեյը: Օրենքի հակառակորդները պնդում են, թե դրա ընդունումը լուրջ հարված կհասցնի այդ ապրանքներն արտադրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս