Թալիշի երեխաների համար Ալաշանում դպրոց է բացվել
Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, որտեղ արդեն բնակվում է թալիշցի 28 ընտանիք, սեպտեմբերի 1-ին դպրոց է բացվել:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը՝ տեղեկացրեց, որ դպրոցն ունի 23 աշակերտ: Նրա խոսքով, հակառակորդի կողմից ապրիլին արձակած արկերից Թալիշի ավերված դպրոցի գույքը տեղափոխել են Ալաշանի նորաբաց դպրոց եւ աշակերտների համար հարմարություններ ստեղծել նորաբաց դպրոցում:
«Թալիշի դպրոցի գույքի մի մասը տեղափոխել ենք Ալաշանի նորաբաց դպրոց և աշակերտների համար հարմարություններ ստեղծել: Դպրոցը բացվել է Ալաշանի նախկին հոպիտալի շենքում: Այսօրվա դրությամբ դպրոցում ունենք ուսուցիչների պակաս, որն էլ առաջիկայում հայտարարված մրցույթի արդյունքներով կհամալրենք»,- ասել է Պետրոսյանը:
Գյուղապետը նշեց նաև, որ այս պահին Ալաշանում վերանորոգվում է եւս 5 կացարան, որպեսզի եւս 5 թալիշցի ընտանիք տեղափոխվի գյուղ: «Մեր դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից մեկն այժմ Ալաշանում են, բայց կացարան չունեն մնալու. մի ընտանիքն իմ տանն է մնում, մյուսը՝ մեկ այլ ընտանիքում: Իրենց համար էլ է կացարան պատրաստվում, նաեւ այլ ընտանիքներ են ուզում գալ այստեղ, իրենց համար էլ»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ նոր ընտանիքների տեղափոխման հետ կավելանա նաև դպրոցի աշակերտների թիվը: