
Դանիել Քրեյգին 150 մլն դոլար են առաջարկել Բոնդի մասին երկու ֆիլմում խաղալու համար

Բրիտանացի դերասան Դանիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերի համար շուրջ 150 մլն դոլար են առաջարկել շարքի եւս երկու ֆիլմերում խաղալու դեպքում: Այս մասին հայտնել է RadarOnline-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
«Յուրաքանչյուրը գիտի, որ ռեժիսորները պաշտում են Քրեյգին: Ֆրանշիզայի համար այս վճռորոշ պահին նրան կորցնելն անթույլատրելի է, ուստի Sony Pictures ստուդիայի ղեկավարները խիստ անհանգստացած են: Պրոդյուսերները հուսահատ կերպով փորձում են ձեռք գցել դերասանին»,-պարզաբանել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ կինոընկերությանը հարկավոր է առնվազն երկու ֆիլմ նկարահանել Քրեյգի մասնակցությամբ, որպեսզի ամրապնդի ֆրանշիզան: Միայն դրանից հետո 007 գործակալի համար կարելի կլինի ուրիշ դերասան փնտրել:
Մայիսին ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ Քրեյգը հրաժարվել է հարյուրմիլիոնանոց հոնորարից բոնդապատումում նկարահանվելու համար: Դերասանն այն ժամանակ պնդում էր, որ որպես Բոնդ իրեն սպառել է եւ այլեւս չի ցանկանում աշխատել այդ կերպարի վրա: Քրեյգն աշխատել Է Բոնդի մասին վերջին չորս ֆիլմերում: Խոսքը վերաբերում է «007. Սպեկտր» (2015), «007. «Սքայֆոլ» կոորդինատները» (2012), «Գթության քվանտ» (2008) եւ «Կազինո «Ռոյալ» (2006) կինոնկարներին: