Համերգները կորցնում են եկամտաբերությունը
Դատելով պաշտոնական վիճակագրության ներկայացված տվյալներից՝ Հայաստանում համերգներ կազմակերպելու բիզնեսը գնալով կորցնում է գրավչությունը և դառնում պակաս եկամտաբեր։
Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015թ. հանրապետությունում գործել են 19 համերգային կազմակերպություններ: Համերգային դահլիճներում կազմակերպված 563 համերգներին ներկա է եղել 182.9 հազ. մարդ:
Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 60.9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 81.4 մլն. դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 144.5 հազ. դրամ:
Ստորև բերված աղյուսակում ներկայացված են համերգային կազմակերպությունների գործունեության հիմնական ցուցանիշները՝ 2011-2015թթ.։
Ինչպես տեսնում եք, 2012 թվականից ի վեր նվազել է թե՛ համերգային կազմակերպությունների ընդհանուր հասույթը, թե՛ հանդիսատեսների թիվը, թե՛ մեկ ներկայացման հաշվով ստացված հասույթը։
Ուշագրավն այն է, որ հասույթի նվազմանը զուգահեռ՝ համերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների քանակը չի նվազել և վերջին տարիներին պահպանվել է 19-ի վրա։
Նշենք նաև, որ արտերկրում կազմակերպված 77 համերգ-հյուրախաղերից 40-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 14-ը` ԱՊՀ երկրներում, 5-ը` ԱՄՆ-ում, 4-ական` Լիբանանում և Թուրքիայում, 3-ական` Վրաստանում և Լատինական Ամերիկայում, 2-ը` Ճապոնիայում, 1-ական` Արցախում և Արաբական Միացյալ Էմիրություններում: