«Մենք ունենք միջոցներ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում». Լևոն Մնացականյան

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ ապրիլյան  գործողությունները և դրա ժամանակ նոր զինատեսակի կիրառումը որոշակի ազդեցություն են ունեցել Զինված ուժերի մարտավարական հնարավորությունների և հոգեբանության վրա:

«Վերլուծելով ապրիլյան գործողությունները՝ մենք ենթադրում ենք տեխնիկական միջոցներով ավելի հագեցված, հնարավորություններով ավելի բարձր զինվոր և ստորաբաժանում ունենալը, ինչպես նաև՝ համապատասխան ապահովման միջոցառումների իրականացում»,- ասել է գեներալ-լեյտենանտը:

Նրա խոսքով՝ ապրիլյան գործողություններից հետո ահռելի աշխատանք է իրականացվել:

«Հիմնական մեր ուղղվածությունը եղել է տեխնիկական հագեցվածությունը՝ ինչպես առաջնային գծի, հետախուզության, կապի միջոցների, այնպես էլ զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման գործում: Մենք որոշակի աշխատանքներ ենք իրականացրել նաև անձնակազմի կենցաղի բարելավման ուղղությամբ: Մեր հիմնական շեշտը դրվել է տեխնիկական միջոցների հագեցվածությանը՝ բոլոր ուղղություններով»,- նշել է Լ. Մնացականյանը՝ ավելացնելով, որ աշխատանքները հիմնականում տարվում են, որպեսզի նվազեցվի մարդկային գործոնի ազդեցությունը և մեծ տեղ տրվի տեխնիկական կոմպոնենտին:

Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի սահմանին տեղադրվող և նաև օգտագործվող տեխնիկական սարքավորումները լինեն տեղական արտադրության:

Նաև նշել է. «Ջրագիծը հասցվել է մինչև առաջնագիծ, այդ աշխատանքներն ունենալու են շարունակական բնույթ, ինչ վերաբերում է ագրեգատներին, իրոք, մենք էլ ունենք նմուշներ, աշխատանքները շատ մեծ թափ են հավաքել ու շարունակական են, այդ առումով մենք բավականին բարելավում ունենք և՛ ապահովման, և՛ տեխնիկական միջոցների սնուցման հարցերում»:

Լ. Մնացականյանըն անդրադարձավ նաև հետախուզական խորքային համակարգին՝ վստահեցնելով, որ այդ սարքը ճակատարգրական նշանակություն է ունեցել.

«Արդյունքում հակառակորդին չի հաջողվել իրականացնել իր ծրագրերը, խոսքը հիմնականում հյուսիսային ուղղության մասին է: Կրկին նշեմ, որ այդ աշխատանքները շարունակական են, գտնվում են մեր ղեկավարության ուշադրության կենտրոնում, մենք համագործակցում ենք մեր համապատասխան մասնագետների հետ»:

Հարցին՝ եթե Աստված մի արասցե հարձակում լինի՝ ԼՂՀ ՊԲ-ն, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու, նա պատասխանել է. «Ապրիլյան պատերազմում ՊՆ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները: Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊՆ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր»:

Ավելին՝ Լ. Մնացականյանը նշել է նաև, որ հայկական կողմը շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ. «Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում և դրանով իսկ մենք կապահովենք մեր ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարումը, և մեր հնարավորությունները, ներուժն այնպիսին է, որ կթույլատրի ապագայում ևս մեր ռազմատեխնիկական առաջընթացը ԶՈՒ-ում և ՊԲ-ում»:

Տեսանյութեր

Լրահոս