Օբաման մանրամասներ է պատմել Պուտինի հետ հանդիպումից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կրել են գործնական բնույթ և ավելի շատ են տևել, քան նախապես պլանավորված էր: Այս մասին պատմել է Օբաման, հայտնում է Reuters-ը:
«Սովորաբար մեր հանդիպումները Պուտինի հետ ընթանում են բաց, ազնիվ, գործնական հունով, և այս հանդիպումը բացառություն չդարձավ»,- հայտարարել է Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն չեղարկվելու մինչև Մինսկի համաձայնագրերի իրականացումը:
«Կան մինսկյան համաձայնագրեր, սակայն դրանք չեն կատարվում: Ես հստակ հասկացրել եմ, որ քանի դեռ դրանք չկատարվեն, ԱՄՆ-ը չի չեղարկի պատժամիջոցները: Կարևոր է, որ մոտակա շաբաթներին երկու կողմերն էլ օգտվեն հնարավորությունից, որպեսզի վերլուծեն փաստաթուղթը և հասկանան հետևողականությունը, որով փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Պուտինի հետ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի խախտման վերաբերյալ:
«Դա թույլ տվեց մեզ` ՌԴ-ին և ԱՄՆ-ին, կենտրոնանալ ընդհանուր թշնամիների վրա, ինչպիսիք են ԴԱԻՇ-ն ու «Ան-Նուսրան»: Սակայն հաշվի առնելով վստահության բացակայությունը, որը գոյություն ունի, դրանք լուրջ բանակցություններ էին, և դեռ մեզ չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի այդ համաձայնագիրը գործի»,- պատմել է Օբաման: