Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը հռչակագիր են ստորագրել Պեկին-Լոնդոն տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը ստորագրել են Աշգաբադի հռչակագիրը, որը ենթադրում է Պեկինից Լոնդոն տրանսպորտային միջանցքի ստեղծում, հայտնում է TRT Haber-ը`վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանին:
Նրա խոսքով` փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ:
Փաստաթուղթը թուրքական կողմից ստորագրել է անձամբ Արսլանը, ադրբեջանական կողմից` տրանսպորտի փոխնախարար Արիֆ Ասկերովը, Թուրքմենստանի կողմից` ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մաքսաթ Այդոգդիևը:
«Արտադրությունը Արևմուտքից տեղափոխվում է Արևելք: Որպեսզի Ասիայում արտադրված ապրանքները մեր տարածաշրջանում մատակարարվեն, Արևմուտքին անհրաժեշտ է արդյունավետ տրանսպորտային միջանցք: Նախագծերը, որոնք մենք իրականացնում ենք երկրում` սկսած 2003 թվականից, այդ նպատակն են հետապնդում»,- ասել է թուրք նախարարը:
Ինչպես նշել է Արսլանը, ծրագրվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը, երրորդ օդանավակայանի շինարարությունը և այլն, Թուրքիան ձգտում է միջազգային նախագծերը ինտեգրել տրանսպորտային ոլորտի ազգային պլանի հետ:
«Թուրքմենստանում Աշգաբադի հռչակագիրը թույլ է տվել մեզ ևս մեկ քայլով մոտենալ մեր նպատակին»,- հավելել է նա: