SOCAR-ի նախագահը Հունաստանի կառավարությանը մեղադրում է մրցութային ընթացակարգը խախտելու մեջ
Հունաստանի կառավարությունը խախտել է DESFA ընկերության մասնավորեցման մրցութային ընթացակարգը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ադրբեջանական պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
«Սկզբում խախտվել էին համաձայնեցված կանոնները: Մենք սպասում ենք հիմնավորումների Հունաստանի կառավարությունից: Փոփոխված կանոնների համաձայն` DESFA-ի գինը կրկնակի նվազում է: Եթե օբյեկտի շահութաբերությունը նվազում է, ապա գինը ևս պետք է նվազի»,- ասել է Աբդուլլաևը:
Նրա խոսքով` իտալական Snam ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել DESFA-ում SOCAR-ի մասնաբաժինը, պատրաստ է գործարք կնքել:
«Մեր իտալացի գործընկերը մեզ հետ միասին մասնակցում է բանակցություններին: Մենք դատի չենք տա Հունաստանի կառավարությանը, սակայն մինչև վերջ կպահանջենք մեր իրավունքների պաշտպանությունը»,- ասել է նա:
2013 թվականի դեկտեմբերին SOCAR-ը 400 միլիոն եվրոյով ձեռք էր բերել DESFA գազաբաշխիչ ցանցի օպերատորի բաժնետոմսերի 66 տոկոսը: Ադրբեջանական ընկերությունը դրա մասնաբաժնի 31 տոկոսը գնել էր Հունաստանի կառավարությունից, իսկ 35 տոկոսը՝ Hellenic Petroleum SA ընկերությունից:
Հունաստանի կառավարությունը, ելնելով մենաշնորհ թույլ չտալու սկզբունքից, առաջարկում է DESFA-ի բաժնետմոսերի 17 տոկոսը վաճառել երրորդ կողմին: Իտալական Snam ընկերությունը շահագրգիռ է գնել բաժնետոմսերի 17-տոկոսանոց փաթեթը: