«SOCAR-ը «Գազպրոմի» հետ գազի գնման բանակցություններ չի վարում». Ռովնագ Աբդուլլաև
Ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը ներկայումս բանակցություններ չի վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնման շուրջ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Նրա խոսքով` SOCAR-ին անհրաժեշտ է շերտերի մեջ մղվող տեխնիկական գազ:
«SOCAR-ն ավելի վաղ իր առաջարկներն էր ներկայացրել ռուսական ընկերությանը, որոնց հիման վրա կարող է գազ գնել «Գազպրոմից»: Մենք պատրաստ ենք գազ գնել ավելի վաղ մեր նախանշած պայմաններով, սակայն ներկայումս ոչ մի բանակցություն չենք վարում ռուսական կողմի հետ»,- հավելել է նա:
Ավելի վաղ «Գազպրոմ Տրանսգազ Մախաչկալա» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աստանինը հայտարարել է, որ իր ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանին տարեկան մինչև 5 մլրդ խմ գազ մատակարարելու շուրջ: