Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվել է Մել Գիբսոնի նոր ֆիլմը
Վենետիկի 73-րդ կինոփառատոնում սեպտեմբերի 4-ին կայացել է արտամրցույթային ծրագրի գլխավոր պրեմիերան՝ ամերիկացի հայտնի դերասան Մել Գիբսոնի «Խղճի կանչով» նոր ֆիլմի ցուցադրությունը: Գիբսոնին ջերմորեն են ողջունել երկրպագուները, եւ նա Կինոյի պալատ մտնելուց առաջ երկար ժամանակ մ նացել է կարմիր ուղեգորգի վրա եւ շռայլորեն ինքնագրեր Է բաժանել:
Նրա վերջին ֆիլմի՝ «Ապոկալիպսիսի» թողարկման պահից ուղիղ տասը տարի է անցել: Ընդ որում Գիբսոնն ինքն ակտիվորեն նկարահանվում էր: «Խղճի կանչով» կինոնկարը նրա ռեժիսորական հինգերորդ աշխատանքն է «Քրիստոսի չարչարանքները», «Խիզախ սիրտը», «Անդեմ մարդը» եւ «Ապոկալիպսիս» ֆիլմերից հետո:
Այն պատմում է իրական կերպարի՝ Դեսմոնդ Դոսսի՝ պատերազմի հերոսի, Պատվո մեդալի արժանացածի մասին, որը բարոյական նկատառումներից, այդ թվում՝ կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվում է զենք վերցնել եւ դառնում է ռազմադաշտային բժիշկ՝ փրկելով տասնյակ կյանքեր: Կինոնկարում կենտրոնական է դառնում Երկրորդ համաշխարհային պատերազմի դրվագը՝ Օկինավայի համար մղված ճակատամարտը:
«Ես ատում եմ պատերազմը, ատում եմ զենքը, լիովին համամիտ եմ զենքի ազատ վաճառքն արգելելու Օբամայի մտադրությանը: Բայց ես սիրում եմ մարտիկներին, խոնարհվում եմ հերոսների առջեւ եւ կարծում եմ, որ նրանց հարկավոր է մեծարել»,- ասել է Գիբսոնը մամուլի ասուլիսում:
Ժապավենում գլխավոր դերը խաղացել է Էնդրյու Գարֆիլդը, որը համաշխարհային ճանաչում է ստացել գլխավոր դերը խաղալով «Նոր Սարդամարդը» ֆիլմում եւ դրա սիկվելում, որը թողարկվել է երկու տարի անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA