«Ռուսաստանն այրում է Հայաստանի բոլոր կամուրջները». Աշոտ Եղիազարյան

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին ոչինչ չի տվել, ընդհակառակը՝ կորցրել ենք.

«Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում պետք է լիներ դոնորների համաժողով, և Եվրամիությունը պատրաստ էր Հայաստանին աջակցել՝ հսկայական դրամաշնորհների տրամադրման միջոցով։ Այդ գումարները պետք է ծախսվեին Հայաստանի համար այնպիսի կենսական ոլորտների արդիականացման վրա, ինչպիսիք են՝ տրանսպորտային ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» մայրուղին, ջրային ենթակառուցվածքները և այլն։ Հայաստանին հնարավորություն էր տրվելու ադապտացվելու ԵՄ ընդհանուր օրենսդրական դաշտին, բարձրացնելու ստանդարտները։

Ակնկալվում էր, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ աճը կավելանա ևս 2-2.3 %-ով, կանխատեսվում էր նաև 15% արտահանման աճ։ Բացի այդ՝ ներդրումների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեին Հայաստանում։ Հայաստանը կարող էր լինել կամուրջ ներդրողների համար՝ դուրս գալու եվրոպական 500 միլիոնանոց շուկա։ Այս ամենը մենք կորցրինք»։

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանը կորուստներ ունեցավ նաև քաղաքական ու անվտանգության առումներով. «Ասոցացման համաձայնագրի ստորագրումը անուղղակիորեն անվտանգության երաշխիքներ էր տալիս Հայաստանին ու Ղարաբաղին։ Իսկ ԵՏՄ-ն ընտրելու հետևանքները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ծանր եղան։ Դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան 9 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել։ Անկում ենք արձանագրել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Պետական պարտքն է ավելացել, անցած տարվանից մինչև հիմա մեր արտաքին պետական պարտքն ավելացել է ավելի քան 700 մլն դոլարով»։

Կարդացեք նաև

Նրա պնդմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցրել է իր սուվերենությունը. «Սուվերենությունը կարևոր է նաև տնտեսական զարգացման համար։ Սուվերեն պետությունը միայն կարող է տնտեսության ոլորտում առաջընթաց գրանցել։ Հայաստանը մի երկրի գաղութ է, որն իր տեխնոլոգիական, տնտեսական առումով հետամնաց է։ Այս պայմաններում որևէ զարգացում ակնկալել հնարավոր չէր։ Այս նախագիծը քաղաքական է եղել ի սկզբանե, այսինքն՝ հետխորհրդային տարածքում միասնական պետության վերականգնում՝ Ռուսաստանի ղեկավարությամբ»։

Անդրադառնալով քաղաքագետ Ատեփան Գրիգորյանի՝ Ռուսաստան մուտքի արգելքին, նա նշեց, որ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվում է քաղաքական նկատառումներով. «Այդ դեպքում, ո՞ր ներդրողը 170 միլիոնանոց շուկա կփորձի մտնել Հայաստանի միջոցով։ Նույն Ստեփան Գրիգորյանը, ասենք՝ բիզնես գործունեություն էր ուզում ծավալել Ռուսաստանում. սահմանափակվում է։ Այսինքն՝ այն փաստարկները, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնար ԵՏՄ երկրների համար, որևէ քննադատության չեն դիմանում։ Հակառակը՝ Ռուսաստանն այրում է Հայաստանի բոլոր կամուրջները մնացած բոլոր երկրների հետ»։

Ա. Եղիազարյանի խոսքով՝ այս վիճակից մի ելք կա՝ Հայաստանի սուվերենության վերականգնումը, որն ըստ նրա՝ կարող է լինել միայն ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից օր առաջ դուրս գալու ու Ատլանտյան կառույցներին ընդգրկվելու ճանապարհով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս